Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/5/2026
share

Հայաստանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովային։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Վարչապետը  ողջունել է Իլիանա Յոտովայի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է տիկին Յոտովային՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև  հարաբերությունները  գտնվում են բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա և այսօր այն արձանագրվելու է հարաբերությունների ռազմավարական բնույթի ստորագրվող փաստաթղթով։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ  Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունները մեծ պոտենցիալ ունեն։ Նիկոլ Փաշինյանը  շնորհակալություն է հայտնել Բուլղարիային նաև Եվրոպական միության շրջանակում Հայաստանին  ցուցաբերվող աջակցության համար։

Իլիանա Յոտովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Բուլղարիայի նախագահն ընդգծել է, որ ԵՔՀ գագաթնաժողովն իր ստեղծման օրվանից շոշափելի արդյունքների  է հասել։ Իլիանա Յուտովան շնորհավորել է ՀՀ վարչապետին նաև հաջորդ՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի անցկացման առիթով։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Բուլղարիա հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։  

Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և  Իլիանա Յոտովան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը։

facebook sharing button facebook