
JNEWS- ը գրում է՝ Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի բնակիչները պահանջում են Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղու վրա գտնվող աղբավայրի փակումը: Նրանք պնդում են, որ հալոցքային ջրերի, անձրևաջրերի և քամու պատճառով աղբը հայտնվում է իրենց դաշտերում, իսկ «Կոշտ թափոնների կառավարման ընկերության» ղեկավարությանն ուղղված աղտոտվածության և տհաճ հոտի վերաբերյալ երկարատև բողոքները մնում են անպատասխան:
Մայիսի 2-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա անցկացրեցին Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղու վրա գտնվող աղբավայրի մոտ: Նրանց խոսքերով, աղբավայրը չափազանց մոտ է իրենց դաշտերին, և հալոցքային ջրերն ու անձրևաջրերը լվացել են աղբը և լցրել իրենց դաշտերը: Նրանք պնդում են, որ «Կոշտ թափոնների կառավարման ընկերության» ղեկավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում:
Ջիգրաշենի բնակիչների խոսքով, աղբավայրի դաշտերին մոտ գտնվելը վաղուց է դժգոհություն պատճառում իրենց։ Նրանք բազմիցս բողոքել են, որ քամին աղբը և պլաստիկե տոպրակները լցնում է իրենց գյուղատնտեսական հողատարածքները։ Բացի դրանից, աղբավայրից տհաճ հոտ է արձակվում, ինչը դժվարացնում է ֆերմերներին իրենց դաշտերում աշխատելը։
Նշենք, որ Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղու վրա գտնվող աղբավայրը սպասարկում է երկու մունիցիպալիտետ, իսկ Ջիգրաշենի բնակիչների հողերը գտնվում են անմիջապես նրա կողքին։ Աղբավայրը գտնվում է համեմատաբար բարձրադիր վայրում։
Մոտ մեկ ամիս առաջ, լեռներում ձնհալի և ուժեղ անձրևների ժամանակ, ջրհեղեղներն աղբը քշել և լցրել են դաշտերը։ Բնակիչների խոսքով, որ դա իրենց համբերության վերջին կաթիլն էր։
Այսօր, մոտ 15 մարդ գնացել է աղբավայրի տարածք ղեկավարության հետ հանդիպելու և պահանջելու դադարեցնել նրա շահագործումը։ Սակայն ղեկավարությունից ոչ ոք չի եղել։ Պահակը հեռախոսով կապ է հաստատել ղեկավարության հետ, որից հետո բնակիչներին ասել են, որ ընկերության ներկայացուցիչներն Ախալցիխեից երկուշաբթի առավոտյան կգան իրենց հետ հանդիպելու։
«Սարերից ջուրը հոսում է, աղբը քշում և ցրում դաշտերով մեկ։ Ղեկավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Ջրի հեղեղից վնասվել է ցանկապատը, և աղբը լցվել է դաշտերը։ Ընկերությունն աղբը կոնսերվացնում է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ», — ասում է Արշալույս Մարաբյանը։
Նրա խոսքով, հարցին, թե ինչու կոնսերվացման աշխատանքներն ամեն օր չեն իրականացվում, պահակը պատասխանել է, որ իրեն շատ քիչ դիզելային վառելիք է հատկացվում և նա չի կարող անընդհատ օգտագործել տեխնիկան։
Բնակիչները պայմանավորվել են երկուշաբթի օրը հանդիպել ղեկավարության հետ։
«Մենք ուզում ենք, որ աղբավայրը փակվի։ Հակառակ դեպքում մենք կփակենք ճանապարհը և կարգելենք աղբատար մեքենաների մուտքն այնտեղ։ Թող նրանք փոխհատուցեն մեզ աղտոտված դաշտերի համար։ Նրանք փչացրել են ոչ միայն դաշտերը, այլև արոտավայրերը։ Տհաճ հոտի մասին էլ չեմ խոսում», — հավելում է Արշալույս Մարաբյանը։

