Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/5/2026
share

Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր. Հաջիև

Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում Արցախի  համալսարանում դիվանագիտական ​​կորպուսի առջև։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են դեպի խաղաղություն, և միջազգային գործընկերները չպետք է տարածաշրջանը վերադարձնեն հնացած նարատիվների։

«Ադրբեջանի փոխվարչապետն այցելել է Հայաստան, որտեղ երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների մակարդակով քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր, այդ թվում՝ տնտեսական և առևտրային հարաբերություններ, քաղաքական երկխոսություն, ինչպես նաև սահմանների սահմանազատում և սահմանագծում, ինչպես սովորաբար լինում է հարևան երկրների միջև»,- ասել է Հաջիևը։ Նա նաև հավելել է, որ Հայաստան որոշակի ապրանքների մատակարարումը դառնում է նոր նորմ երկու երկրների հարաբերություններում. «Սա նաև նպաստում է Հայաստանի էներգետիկ անվտանգության և ընդհանուր բարեկեցության ամրապնդմանը: Մենք քննարկում ենք որոշակի ապրանքների ներմուծման հնարավորությունը, և երկու երկրների բիզնես համայնքներն արդեն իսկ համագործակցում են»:

Հաջիևն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը, ավելի լայն իմաստով, ապահովում է երկու երկրների անվտանգությունը, հատկապես հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության նոր օջախների ի հայտ գալը։ Ըստ նրա՝ Հարավային Կովկասում ձևավորվում է նոր ստատուս քվո, որը հիմնված է օրինականության, լեգիտիմության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա։ Հիշեցնենք, որ Հայաստան էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը․ Factor
 

facebook sharing button facebook