Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/5/2026
share

Բալահովիտում համաճարակ չկա. Ջրային կոմիտեի արձագանքը

«Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում 10 երեխայի հոսպիտալացման և համաճարակի մասին տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ջրային կոմիտեն պարզաբանում է, որ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը «փչացած հեռախոսի» և տերմինների սխալ ընկալման հետևանք է. իրականում խնդիրը վերաբերում է ոչ թե խմելու ջրին, այլ կոյուղատարի վիճակին, որի մաքրման աշխատանքները դժվարացել են բնակիչների ինքնակամ շինությունների պատճառով»:

Մանավորապես պարզաբանել են․ 

 Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն են։

Իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե իբր Բալահովիտում կոյուղատար համակարգը միացված է խմելու ջրի համակարգին։

  Ջրային կոմիտեն կապի մեջ է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Բալահովիտի վարչական ղեկավարի հետ։

 Իրավիճակի հակիրճ նկարագրությունը հետևյալն է․

 Թյուրիմացությունը սկսվել է այն պահից, երբ Բալահովիտի բնակիչներից մեկը, բողոքելով ոռոգման ջրի խնդրից, լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, թե կոյուղին ևս միացված է ջրատար համակարգին։

 Իրականում խոսքը հեղեղատարի մասին է եղել։ Տվյալ հատվածով խմելու ջրի ջրատար չի անցնում, առկա է միայն կոյուղատար համակարգ։ «Ջրատար» բառի սխալ ընկալման հետևանքով թյուր կարծիք է ձևավորվել, թե խնդիրը կապված է խմելու ջրի հետ։

 Ինչ վերաբերում է 10 երեխայի թունավորման մասին կեղծ լուրերին, այն ևս տարածվել է «փչացած հեռախոսի» շղթայով, երբ կոյուղատարի հարակից տարածքում ապրող բնակիչներից մեկը բողոքել է, որ իր 10-ամյա երեխայի մոտ այդ հատվածի հոտից առաջացել են ալերգիկ սրացումներ։

 Բալահովիտի հատվածում կոյուղատար համակարգը իսկապես գտնվում է ոչ այնքան բարվոք վիճակում, սակայն պարբերաբար իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Այդ աշխատանքները կատարվում են ամեն տարի, և առաջիկայում ևս նախատեսվում են շարունակական մաքրման և կարգավորման միջոցառումներ։

 Միևնույն ժամանակ, կան հատվածներ, որտեղ տեխնիկայի մուտքը դժվար է, իսկ տեղ-տեղ՝ անհնար՝ բնակիչների ինքնակամ կառուցված շինությունների, ցանկապատերի, անասնագոմերի և այլ խոչընդոտների պատճառով, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում աշխատանքների իրականացման համար։

 Ընդհանուր առմամբ, իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, և աշխատանքներ են տարվում խնդրի ամբողջական կարգավորման ուղղությամբ․

facebook sharing button facebook