
Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կյունջիչը կանչվել է երկրի Արտաքին գործերի նախարարություն։ Գերատեսչության փոխանցմամբ՝ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված «հակաադրբեջանական բանաձևի» վերաբերյալ։
Հանդիպմանը խստորեն դատապարտվել են ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևում պարունակվող «անհիմն և կողմնակալ դրույթները», ինչի կապակցությամբ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել։ Նշվել է, որ այս բանաձևի դրույթները խեղաթյուրում են իրականությունը և հակասում օբյեկտիվության սկզբունքներին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու հանձնառությանը։
Ընդգծվել է, թե Եվրախորհրդարանի այս մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի ու ԵՄ միջև հարաբերությունների հեռանկարների վրա։ «Նշվել է, որ բանաձևում հայազգի բնակիչների՝ Ղարաբաղի տարածաշրջան վերադարձի վերաբերյալ պնդումները լիովին անհիմն են, և նման կոչերը միջամտություն են Ադրբեջանի ներքին գործերին։
Մատնանշվել է, որ չնայած 2023 թվականին Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան ներկայացված վերաինտեգրման ծրագրին, հայազգի բնակիչները կամավոր լքել են տարածաշրջանը, և հակառակ պնդումները սխալ են»,- ասվում են հայտարարության մեջ։ Հանդիպմանը նաև ընդգծվել է, թե ռազմագերիներ անվանվող հայազգի անձանց ազատ արձակման կոչերն իրավաբանորեն անընդունելի են։
Հիշեցվել է, թե ադրբեջանական կողմը, «մարդասիրական մոտեցմամբ», ազատ է արձակել բազմաթիվ բանտարկյալների և ձեռնարկել վստահության ամրապնդման քայլեր, որոնց նկատմամբ կան դատավճիռներ, կատարել են, իբև, «մի շարք լուրջ հանցագործություններ, այդ թվում՝ ահաբեկչություն, դիվերսիա և ռազմական հանցագործություններ»։ Ընդգծվել է, որ մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մասին մեղադրանքները լիովին անհիմն և անընդունելի են։
Միաժամանակ, ասվել է, թե, իբր, «օկուպացիայի ընթացքում Ադրբեջանի մշակութային և կրոնական ժառանգության լայնածավալ ոչնչացումն ու պղծումը պատշաճ գնահատական չեն ստացել եվրոպական կառույցների կողմից»։ «Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը կոչ է արել Եվրամիությանը կանխել նման քայլերը, որոնք կվնասեն Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կարգավորման գործընթացին»,- ասվում է հայտարարությունում։
Նշենք, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ապրիլի 30-ի լիագումար նիստում քվեարկել և ընդունել են «Հայաստանում ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ» բանաձևը, որում առանձին պարբերությամբ Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատել են իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, այդ թվում՝ նրանց անվտանգ վերադարձի իրավունքին՝ համապատասխան միջազգային երաշխիքներով: Նրանք նաև պահանջել են Ադրբեջանի կողմից անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը:

