
Սոցիալական ցանցերում մեծ տարածում գտած տեսանյութը, որտեղ քաղաքի փողոցներից մեկում «զեբր» է շրջում, դարձել է բուռն քննարկումների և հումորների առիթ։ Ի պատասխան այս ամենի՝ Երևանի կենդանաբանական այգին հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ տեսանյութի կենդանին որևէ կապ չունի այգու հետ։
«Բարձր գնահատելով կրեատիվությունը՝ այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ այս կենդանին իրականում ավանակ է, որին որևէ քաղաքացի ներկել է զեբրի զոլերով»,– հայտնում են այգուց՝ վստահեցնելով, որ իրենց բոլոր բնակիչները տեղում են․ «Մեր զեբրերն այգում են՝ հանգիստ և անվնաս։ Համոզվելու համար կարող եք այցելել այգի»։
Հումորը՝ հումոր, բայց կա նաև խնդրի մյուս կողմը
Չնայած սոցցանցերում տիրող զվարճալի մթնոլորտին՝ մասնագետները մտահոգված են կենդանու առողջությամբ։ Այգու տնօրինությունն ընդգծում է, որ նման «ստեղծագործական» մոտեցումը կարող է դաժան հետևանքներ ունենալ կենդանու համար։
«Ուզում ենք նաև շեշտել, որ կենդանուն ներկելը և նման իրավիճակում հանրայնացնելը կոպտորեն հակասում է կենդանիների բարեկեցության սկզբունքներին։ Քիմիական ներկերը կարող են թունավոր լինել և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ։ Կենդանիների բարեկեցությունը մեր առաջնահերթությունն է»,– ասված է հայտարարության մեջ։
Կենդանաբանական այգին հորդորում է զերծ մնալ կենդանիների նկատմամբ նմանօրինակ վերաբերմունքից և հիշեցնում, որ ցանկացած միջամտություն, որը կարող է վնասել կենդանու առողջությունը, անընդունելի է։

