Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/5/2026
share

2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում Կառավարությունը կֆինանսավորի

Կառավարության հերթական նիստում հաստատվել է պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է բնակարանով ապահովել 2850 շահառու զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների։

 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ ծրագիրը կիրականացվի քառափուլ եղանակով և ուղղված է երկար տարիներ բնակարանային խնդիր ունեցող շահառուների հարցի լուծմանը։

 

«Ձեր քննարկմանը ներկայացված Կառավարության որոշումների նախագծերով առաջարկում ենք ներդնել ծրագիր, որը կլինի քառափուլ և թույլ կտա մեզ թվով 2850 բնակ շահառուների, որոնք Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո ծառայած կամ մեր շահառու հանդիսացող քաղաքացիներ են, ապահովել բնակարանով Ըստ էության, 2000-ականներից սկսած՝ նրանք շահառու են, և այսօր այս խնդիրը լուծելու համար մենք նախընտրեցինք այս ծրագրի ներդրումը, որպեսզի տասնամյակներ շարունակ սպասած քաղաքացիները վերջապես լուծեն իրենց բնակարանային հարցը»,-ասել է նախարարը։  

 

Նրա խոսքով՝ ծրագիրը կիրականացվի հիփոթեքային վարկավորման գործիքի միջոցով, որի շրջանակում ֆինանսավորման 90 տոկոսը կհատկացնի կառավարությունը՝ բանկերի միջոցով, իսկ մնացած 10 տոկոսը կտրամադրվի պաշտպանության նախարարության տարեկան բյուջեից։ 

 

Ծրագրի շրջանակում 2027 թվականին նախատեսվում է բնակարանով ապահովել 735, 2028 թվականին՝ 812, 2029 թվականին՝ 719, իսկ 2030 թվականին՝ 584 շահառուի։ Շահառուների շրջանակում ընդգրկված են պաշտպանության նախարարության համակարգում հաշվառված պայմանագրային զինծառայողներ և քաղծառայողներ, օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներ, զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների անդամներ։

 

Պապիկյանը նշել է, որ ծրագրով լուծվում է շահառուների սոցիալական ամենակարևոր խնդիրներից մեկը՝ բնակարանային ապահովումը՝ ընդգծելով, որ շահառուների թվում կան նաև դեռևս 1990-ականներից բնակարան ստանալու սպասող քաղաքացիներ։

facebook sharing button facebook