
Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները բանակցությունների ընթացքում չեն քննարկում տեղահանված հայերի և ադրբեջանցիների փոխադարձ վերադարձի հարցը,- գրում է «Արմենպրես»-ը։ Այս մասին Փաշինյանը հայտնել է ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:
«Ադրբեջանցիների վերադարձի հարց չենք քննարկել և չենք քննարկում, նաև չենք քննարկում Ղարաբաղի հայերի, Բաքվի հայերի վերադարձի հարց, մնացած տեղերի հայերի վերադարձի հարց: Երկու ուղղությամբ էլ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա և մեկը մյուսին թեժացնում են»,- ասել Փաշինյանը:
Նա նաև հավելել է, որ 2 հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը:
«Սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, բավարար էֆեկտ չի լինում, մյուս հարցն են էսկալացնում: Դա էժան քաղաքական շահարկում է, ոչ ավելին: Օրինակ՝ Կալուգացի օլիգարխը համոզված եմ, որ չի հասկանում ինչի մասին է խոսում, իրեն հանձնարարում են, ասում է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Սամվել Կարապետյանին:
Վերջին օրերին «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները պնդումներ են անում, թե «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական կողմին խոստացել է ապահովել 300 հազար ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի Հանրապետություն»։

