
Աղվերանի «Apricot» հյուրանոցում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է անցկացրել հայ գործընկերների հետ, որը լրագրողների համար փակ է եղել։ Մի քանի ժամ տևած հանդիպումից հետո, մոտ 2 տասնյակ մեքենաներից բաղկացած շարասյունը հեռացել է հյուրանոցից։ Ըստ ԱԳՆ-ի՝ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցեր։
Աղվերանում նաև քննարկվել են սահմանազատմանը վերաբերող հարցեր։ Սա Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողվների արդեն 13-րդ հանդիպումն էր։ Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետևյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը՝
-«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց»,
-«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույց»,
-«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույց»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանի Հանրապետությունում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը: 2 երկրների պատվիրակությունների միջև վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում։
Ապրիլի 26-ին ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման օրվան նվիրված միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացին՝ ընդգծելով Տավուշի արդեն սահմանազատված 12 կմ հատվածը։
«Առաջիկայում մենք կշարունակենք և ավարտին կհասցնենք տրամբանական ժամկետներում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը։ Օրակարգում ունենք նաև Վրաստանի հետ սահմանազատման ամփոփման օրակարգը և վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք»,- ասել էր Փաշինյանը։
2024 ապրիլի 19-ին կողմերը համաձայնեցին սկսել սահմանազատումը Տավուշ-Ղազախ հատվածից։ Սա դարձավ առաջին փաստացի սահմանազատված հատվածը։ Մասնավորապես՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր հատվածներն էին առաջինը, որտեղ գործնական սահմանազատում իրականացվեց։ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրվեց հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ 2025 թվականի հունվարի 16-ին որոշվեց սահմանազատման հաջորդ փուլը սկսել արդեն հյուսիսային հատվածից՝ Հայաստան - Ադրբեջան- Վրաստան սահմանների հատման կետից և շարունակել դեպի հարավ՝ մինչև Իրանի սահման։

