
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», ինչպես նաև «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը։
Պատգամավորը նախ ներկայացրել է ոլորտում առկա վիճակագրական պատկերը՝ ընդգծելով օնլայն կազինոների ծավալների կտրուկ աճը։ «Օնլայն կազինոներում իրականացված խաղադրույքների ծավալները վերջին 8 տարում աճել են ավելի քան 35 անգամ։ Եթե 2017 թ-ին ինտերնետ կազինոների խաղադրույքների ծավալները կազմում էին 0․2 տրիլիոն դրամ, ապա 2025 թվականին, աճելով ավելի քան 35 անգամ, խաղադրույքների ծավալները հասել են 7․4 տրիլիոն դրամի»,-նշել է Սարգսյանը։
Նրա գնահատմամբ՝ ինտերնետ կազինոները դարձել են լուրջ սոցիալական խնդիր։ «Ինտերնետ կազինոները դարձել են չարիք ու աղետ մեր ժողովրդի համար։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ վատնում են իրենց ֆինանսական միջոցները՝ վարակված լինելով այս մոլուցքով»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ քաղաքացիները 24-ժամյա հասանելիությամբ չեն կարողանում դուրս գալ այդ կախվածությունից։
Սարգսյանի խոսքով՝ մարդիկ ամեն օր վատնում են իրենց աշխատած գումարները, կենսաթոշակները և նպաստները, իսկ պարտված գումարները հետ բերելու նպատակով կուտակում են պարտքեր ու վարկեր, ինչն էլ ավելի է խորացնում նրանց ֆինանսական ծանր վիճակը։ Նա նշել է, որ նման իրավիճակները հանգեցնում են նաև սոցիալական լուրջ հետևանքների։
Պատգամավորի խոսքով՝ բազմաթիվ քաղաքացիներ, կորցնելով իրենց խնայողությունները և հայտնվելով անելանելի վիճակում, դիմում են անընդունելի քայլերի՝ կատարելով գողություններ, խաբեություններ և այլ հանցագործություններ, ընտանիքներում տեղի են ունենում ամուսնալուծություններ, իսկ որոշ դեպքերում գրանցվում են նաև ողբերգական ինքնասպանություններ։
Սարգսյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում Ազգային ժողովը պարտավոր է կիրառել կանխարգելիչ գործիքներ՝ սահմանափակելու օնլայն կազինոների մասնակցությունը հատկապես սոցիալապես խոցելի խմբերի համար։ Խնդիրը լուծելու համար պատգամավորն առաջարկում է մի շարք օրենսդրական լուծումներ։
«Առաջին առաջարկով նախատեսվում է օրենքով պարտադիր պահանջ սահմանել, որպեսզի բոլոր օնլայն կազինոներն իրենց կայքերում և հավելվածներում ունենան ինքնաարգելափակման կոճակ։ Այդ կոճակի միջոցով անձը կարող է 5 տարի ժամկետով արգելել իր մասնակցությունը խաղերին՝ առանց վաղաժամ վերականգնման հնարավորության, իսկ ժամկետի ավարտից հետո արգելափակումը կերկարացվի, եթե քաղաքացին նախապես չդիմի դրա հանման համար»,-ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ այս մեխանիզմը թույլ կտա խաղամոլության կախվածություն ունեցող անձանց ինքնակամ դուրս գալ խաղային միջավայրից և պաշտպանել իրենց ֆինանսական կայունությունը։ «Երկրորդ առաջարկով նախատեսվում է արգելել խաղերին մասնակցությունն այն անձանց համար, որոնք հանդիսանում են որևէ տեսակի նպաստառու։
Պետական աջակցությունը պետք է ծառայի նվազագույն կենսապայմանների ապահովմանը, այլ ոչ թե խաղային գործունեությանը մասնակցելուն»,-նշել է պատգամավորը։ 3-րդ առաջարկով նախատեսվում է սահմանափակում այն անձանց համար, որոնց եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է՝ ընդգծելով, որ այդ միջոցները պետք է ուղղվեն կենսական կարիքների բավարարմանը։
«Չորրորդ առաջարկով նախատեսվում է արգելել խաղերին մասնակցությունը սնանկության վարույթում գտնվող անձանց համար՝ հաշվի առնելով նրանց արդեն իսկ ծանր ֆինանսական վիճակը։ Հինգերորդ առաջարկով նախատեսվում է սահմանափակում այն քաղաքացիների համար, որոնք օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից։ Վեցերորդ առաջարկով նախատեսվում է սահմանել խաղային մասնակցության առավելագույն չափ՝ յուրաքանչյուր տարվա հայտարարագրված եկամտի մինչև 20 տոկոսը»,-ընդգծել է պատգամավորը։
Նա նաև նշել է, որ այս սահմանափակումը նպատակ ունի նվազեցնել անհամաչափ կորուստները և կանխել ընտանեկան բյուջեի կործանումը։ Սարգսյանի խոսքով՝ առաջարկվող բոլոր սահմանափակումները միտված են սոցիալապես խոցելի խմբերի պաշտպանությանը, նրանց ֆինանսական վիճակի հետագա վատթարացման կանխմանը և խաղամոլության հետևանքով առաջացող սոցիալական խնդիրների նվազեցմանը։

