
Ապրիլի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 12-ին, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող վերելակի հորում մարդ է եղել ընկած, ով նույն օրը «գլխի գագաթային շրջանի սալջարդ, պատռված, արյունահոսող վերք, կրծքավանդակի սալջարդ» մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն, իսկ հաջորդը օրը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն,- գրում է Shamshyan.com-ը։
Աղբյուրը, հղում անելով ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների տվյալների վրա, գրում է, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Ս․-ն է։
Ոստիկանները պարզել են, որ Տավուշի մարզի բնակիչ 73-ամյա Մուշեղ Ս․-ն չպահպանելով օրենքով սահմանված կարգով անվտանգության կանոնները, Նարեկ Ս․-ին թույլ է տվել, որ վերջինս Շահումյան փողոցի 5 հասցեում գործող «Հայկ» ՍՊԸ-ի կողմից օգտագործվող շենքի նկուղում գտնվող վերելակի համար նախատեսված հորում կատարի ապամոնտաժման աշխատանքներ, ինչի արդյունքում չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է Նարեկ Ս․-ի վրա։
Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում կազմվել են փաստաթղթեր և փոխանցվել ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին։ Շամշյանի տեղեկություններով Մուշեղ Ս․-ն «Հայկ» ՍՊԸ-ի տնօրենն է։

