
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) վերահրապարակել է «2025 թվականին ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին» զեկույցի թարմացված տարբերակը։
Վերահրապարակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2026 թ․ ապրիլի 13-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից Կազմակերպությանը տրամադրվել են նոր տեղեկություններ։ Քանի որ նախկինում տրամադրված տվյալները եղել են ոչ լիարժեք, դրանք տարբերվում էին զեկույցի նախնական տարբերակում հրապարակված տվյալներից։
Սույն Զեկույցում ներկայացված է 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱԱԾ սահմանապահ զորքերում զինծառայողների մահացության դեպքերի վիճակագրությունը, դրանց պատճառների վերլուծությունը և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակը։
2025 թ․ մահացության վիճակագրությունն ու պատճառները
ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունների համաձայն՝ 2025 թ․ ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 35 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 2-ը տեղի են ունեցել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում։
Զինծառայողների մահացության պատճառներն են՝
· առողջական խնդիրներ՝ 12 դեպք,
· ավտովթար՝ 8 դեպք,
· ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել՝ 6 դեպք (2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում),
· դժբախտ պատահար՝ 5 դեպք,
· սպանություն՝ 2 դեպք,
· առողջությանը ծանր վնաս պատճառել (բռնություն)՝ 1 դեպք,
· թմրանյութի օգտագործում՝ 1 դեպք։
Համեմատության համար նշենք, որ 2024 թվականին ՀՀ զինված ուժերում գրանցվել է 40 զինծառայողի մահվան դեպք հետևյալ պատճառներով՝
· ավտովթար՝ 13 դեպք,
· ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել՝ 9 դեպք,
· առողջական խնդիրներ՝ 5 դեպք,
· հրադադարի ռեժիմի խախտում՝ 4 դեպք,
· սպանություն՝ 3 դեպք,
· դժբախտ պատահար՝ 3 դեպք,
· ավիավթար՝ 2 դեպք,
· հրդեհ՝ 1 դեպք։
Համեմատելով 2024 և 2025 թվականներին զինծառայողների մահացության դեպքերը և դրանց պատճառները, արձանագրում ենք, որ դրանք նվազել են 9 %-ով։
ՀՔԱՎ-ը 2010 թվականից ի վեր, պաշտպանության և անվտանգության ոլորտի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության շրջանակներում, իրականացնում է զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկում։ Կազմակերպությունն ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության (իսկ մինչև 2023 թվականը նաև՝ Արցախի Հանրապետության) զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերն ու դրանց պատճառները։
Այս ուսումնասիրությունների միջոցով Կազմակերպությունը գնահատում է զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված պետության ստանձնած պարտավորությունների կատարման վիճակը։ Մինչ այժմ ՀՔԱՎ-ը հրապարակել է ավելի քան չորս տասնյակ տարեկան, կիսամյակային և եռամսյակային տեղեկանքներ ու զեկույցներ։
Զեկույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Զինծառայողների իրավունքների պաշտպանության շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է իրավական աջակցություն տրամադրել զինված ուժերում ոչ մարտական պայմաններում, այդ թվում՝ սպանության, ինքնասպանության հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքներին՝ ներկայացնելով նրանց շահերը ներպետական դատական ատյաններում, հետագայում, անհրաժեշտության դեպքում, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Իրավական աջակցության համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ հետևյալ կոնտակտային տվյալներով․
Նազելի Մովսեսյան
+374 93 11 16 15
Անի Չատինյան
+374 93 81 92 75

