
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է փոխանցվել ընդհանուր առմամբ ավելի քան 1 տրիլիոն 946 մլրդ 460 մլն դրամ։ Արձանագրված ցուցանիշը փաստում է հարկային մուտքերի զգալի աճ, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջե է մուտքագրվել լրացուցիչ 173 մլրդ 546 մլն դրամ․ նախորդ տարի այդ թիվը կազմել էր շուրջ 1 տրիլիոն 772 մլրդ 914 մլն դրամ:
Հարկատուների ցանկը գլխավորում է հեռախոսների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր» ընկերությունը, որին հաջորդում են «Գրանդ Տոբակո»-ն և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Ընդհանուր մուտքերի մեծ մասը՝ ավելի քան 1 տրիլիոն 580 մլրդ 256 մլն դրամը, գոյացել է հարկային մարմին կատարված վճարումներից, ինչը 141 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա արդյունքը։ Մաքսային մարմնի գծով կատարված վճարումները ևս աճել են՝ կազմելով 366 մլրդ 204 մլն դրամ՝ նախորդ տարվա 333 մլրդ 670 մլն դրամի դիմաց։ 1000 խոշոր հարկատուների վերաբերյալ մանրամասն տեղեկատվական ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի համապատասխան բաժնում։

