
Ապրիլի 27-ից մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառում է «լուր», իբր Հայաստանը դիտարկում է սահմանազատման գործընթացի շրջանակում Վրաստանին սահմանամերձ մեկ գյուղ փոխանցելու հնարավորությունը։ Ավելի ուշ շրջանառվող տեղեկություններում հայտնվեց Վրաստանին սահմանամերձ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ջիլիզա գյուղի անվանումը։
Լուրերը սկսել են նախ շրջանառվել վրացական ԶԼՄ-ներում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կողմերը համաձայնության են հասել պետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտելու վերաբերյալ։
Դեռևս 2024 թվականի հունվարին, Թբիլիսի կատարած այցի ընթացքում, Փաշինյանը նշել էր, որ կողմերը պայմանավորվել են արագացնել այս գործընթացը։ Արդեն մարտին, ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ սահմանազատման շրջանակում Հայաստանը կարող է Վրաստանին փոխանցել Ջիլիզա գյուղը։
Ջիլիզայի վերաբերյալ խոսակցությունները վաղուց են շրջանառվում, կապված՝ Ջիլիզայի Գոմակ թաղամասում/հանդամասի Վրաստանի հետ վիճելի տարածքների հետ։ Խնդիրն այն է, որ այս տարածքում պաշտոնական սահմանազատում չի արված, հետևաբար տարիներ շարունակ այս ամենի վերաբերյալ տարբեր խոսակցություններ են շրջանառվել։ Նշված տարածքում գտնվող 12-13-րդ դարերում կառուցված Խորակերտի եկեղեցական համալիրը ներկա պահին գտնվում է Վրաստանի վերահսկողության տարածքում, բայց տեղի բնակիչները պնդում են, որ այդ տարածքը պետք է անցնի Հայաստանի վերահսկողությանը։ Ջիլիզիայի բնակիչները տարիներ շարունակ ահազանգել են, որ Գոմակում հայտնված կենդանիները հաճակ են առգրավվում վրացի սահմանապահների կողմից, որովհետև չկան հստակ սահմաններ, իսկ ընտանի կենդանիներն էլ հաճախ արոտ են փնտրում չհստակեցված սահմաններում։
Տարիներ շարունակ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել արագ ավարտին հասցնել Ջիլիզայի անցակետը, որով հնարավոր կլիներ այնտեղի բնակիչներին հատել սահմանը և այցելել Վրաստանի տարածքում գտնվող հայաբնակ գյուղերի բարեկամներին, այլ ոչ թե հասնել Բագարատաշենի անցակետ։ Բայց բնակիչների պնդմամբ վրացական կողմը անընդհատ ձգձգում է շինարարությունը։
Շփոթմունքն ավելանում է երբ այդ տարածքներն ուսումնասիրում ենք օնլայն հավելվածների քարտեզներով, որոնցից մեկով նայելիս ստացվում է, որ հայ-վրացական սահմանը անցնում է ՀՀ քաղաքացուն պատկանող սեփական տան, որը գտնվում է Գոմակ թաղամասում, կենտրոնով։

