Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/4/2026
share

ՎՏԲ-ն բանկը վաճառում է Թեղուտի հանքավայրը. ո՞վ է հանքի հնարավոր գնորդը․ Ազատություն

Ռուսական ՎՏԲ բանկը Հայաստանում պղնձի արտադրությամբ զբաղվող օբյեկտի վաճառքի վերջին փուլում է, հայտարարել է ՎՏԲ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոստինը։ Խոսքը Թեղուտի հանքի մասին է, որը վարկային չկատարած պարտավորությունների դիմաց անցել էր ռուսական բանկին։ Թեղուտում արդեն փոփոխություններ են եղել. փոխվել է ընկերության գլխավոր տնօրենը։

Թեղուտի հանքավայրը երկրորդն է հանրապետությունում պղնձի ու մոլիբդենի պաշարներով, գնահատված պաշարները հասնում են 450 մլն տոննա հանքաքարի։ Թեղուտում կա նաև լեռնահարստացման կոմբինատ, որ շահագործման հանձնվեց ավելի քան 10 տարի առաջ։ Հանքը շահագործում էր «Վալլեքս գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը գործարար Վալերի Մեջլումյանն էր։ 2018-ին հայտնի դարձավ, որ «Վալլեքս գրուպ»-ը չի կարողանում մարել ՎՏԲ-ից վերցրած վարկային պարտավորությունները, ու 380 մլն դոլար վարկային պարտքի դիմաց հանքն անցավ ռուսական պետական մասնակցությամբ ՎՏԲ բանկին։ Այժմ, ըստ իրական շահառուների հայտարարագրի, «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 49.95 տոկոսը պատկանում է ՎՏԲ-ին, ընկերության բաժնետերերի ցանկում են նաև Նորիկ Պետրոսյանն ու Ռուսաստանի քաղաքացի Պավել Կորիչնևը։ ՎՏԲ-ն այս ընթացքում ընկերությունը վաճառելու մտադրության մասին էր հայտնել, քանի որ ինչպես նախկին տնօրենն էր ասել, բանկը չի կարող հանք շահագործել։

Մյուս ճգնաժամը Թեղուտում սկսվեց 2022-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Քանի որ ՎՏԲ-ն ռուսական պետական բանկ է, այն հայտնվեց արևմտյան պատժամիջոցների ներքո, շղթայաբար խնդիրներ սկսվեցին պղինձն ու մոլիբդենը այլ երկրների գնորդներին հասցնելու հետ։ Հանքավայրում սկսվեցին կրճատումներ։ 2023-ին Թեղուտը նորից սկսեց աշխատել՝ թեպետ մասնակիորեն։

ՎՏԲ-ի կողմից չի հաղորդվել, թե ով է պղնձամոլիբդենային հանքի նոր գնորդը։ Ենթադրաբար, ընկերության բաժնետոմսերի վաճառքի գործընթացով է պայմանավորված Թեղուտում գլխավոր տնօրենի փոփոխությունը։ Այս տարվա մարտի վերջին հանքարդյունաբերական ընկերության տնօրեն է դարձել Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Ներուչևը՝ փոխարինելով 7 տարի այդ պաշտոնում աշխատած Վլադիմիր Նալիվայկոյին, ում այդ պաշտոնին նշանակել էր բանկը (Ներուչևին տնօրենի պաշտոնում ևս նշանակել է ՎՏԲ-ն, ոչ թե նոր սեփականատերը)։

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ Թեղուտի հանքը ՎՏԲ-ից ձեռք բերելու մտադրություն ունի Կոնստանտին Սոկոլովը և/կամ նրա հետ փոխկապակցված ընկերությունները։ Սոկոլովը Հայաստանում առավել հայտնի է որպես հեռահաղորդակցության օպերատոր «Վիվա Արմենիա»-ի համասեփականատեր՝ 20 տոկոսի չափով, որը նրան անցավ 2024-ին։

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում։

facebook sharing button facebook