Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/4/2026
share

Կայացել է Հայաստանում ԵՄ ջրի շրջանակային դիրեկտիվի մոնիթորինգի համակարգման հարթակի և թեմատիկ խմբերի համատեղ աշխատաժողով

ՀՀ ՇՄ նախարարությանից հայտնում են, որ կայացել է Հայաստանում ԵՄ ջրի շրջանակային դիրեկտիվի մոնիթորինգի համակարգման հարթակի և թեմատիկ խմբերի համատեղ աշխատաժողով։

Ապրիլի 22-23-ին Շրջակա միջավայրի նախարարության նախագահությամբ և «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի աջակցությամբ, կազմակերպվել է ԵՄ ջրի շրջանակային դիրեկտիվի մոնիթորինգի համակարգման հարթակի և թեմատիկ խմբերի համատեղ աշխատաժողովը։

Բացման խոսքով հանդես են եկել նախարարության Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Ողջունելով մասնակիցներին՝ նրանք ընդգծել են Եվրոպական միության գործընկերների շարունակական աջակցության կարևորությունը Հայաստանում ԵՄ ջրի շրջանակային դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոնիթորինգի համակարգի ներդրման ուղղությամբ։

Աշխատաժողովին մասնակցում են ջրային ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների, գիտահետազոտական և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, ինչպես նաև ջրային ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների և ծրագրերի ներկայացուցիչներ։

Աշխատաժողովի հիմնական նպատակն է մշակել մակերևութային և ստորերկրյա ջրերի մոնիթորինգի, ինչպես նաև տվյալների կառավարման և հաշվետվողականության գործելակերպերի բարելավման ճանապարհային քարտեզ՝ հաշվի առնելով ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները։ Միաժամանակ մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալու ԵՄ ջրի շրջանակային դիրեկտիվի ներդրման ավստրիական փորձին։

facebook sharing button facebook