
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը գրել է․ «Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` պահանջելով պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշն այրած անձանց։
Դասականը կասեր՝ յա, իրո՞ք․․․
Անկախ մեր վերաբերմունքից դրոշը վառելու անիմաստ եւ ոչինչ չտվող (եթե չասեմ՝ վնասող) ակցիային` որեւէ այլ երկիր իրավունք չունի նման պահանջ ներկայացնելու։ Իհարկե, Ադրբեջանի նման բռնապետությունը չի կարող ընկալել, որ երկրի ներսում կարող են լինել իշխանությունից լիովին անկախ քաղաքացիական կամ քաղաքական շարժումներ, սա իրենք ի բնե չեն կարող հասկանալ։
Բայց սա նաեւ որոշակի ուղերձ է պարունակում, հատկապես, երբ դիտարկում ենք սրան նախորդած եւ հաջորդած դեպքերը՝ Ստեփանակերտի մայր տաճարի քանդումն ու Արցախի խորհրդանիշ պապիկ-տատիկ արձանի քանդման սպառնալիքը, որն այսօր է հրապարակվել՝ իբրեւ թե ի պատասխան դրոշի այրման ակցիայի։
Այն որ Ադրբեջանը շարունակաբար պետք է հայկական հետքը ջնջեր Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջաններից, երեխային էլ պարզ էր, դրա համար նաեւ UNESCO-ի հետ շարունակական աշխատանք է տարվում, որպեսզի հայատյացության ու վանդալիզմի այս դրսեւորումը հնարավորինս կանխվի։
Բայց ո՞րն է այս փուլում Ադրբեջանի նպատակը նման քայլերով սրելու իրավիճակը, ի վերջո, դրոշի այրելու ակցիան ամեն տարի է իրականացվում, ինչո՞ւ հանկարծ հիմա որոշեցին թուրք եղբայրների թասիբը պահել ու դրա դիմաց սպառնալ հենց Արցախի խորհրդանիշը քանդելով՝ չափազանց լավ իմանալով հայերիս համար այդ կոթողի նշանակությունը։
Պատճառները շատ կարող են լինել, թվեմ երկուսը.
1. Սահմանների ստուգում․ նման հայտարարություններով ու սպառնալիքներով, թերեւս ստուգում են, թե որքան կարող ենք լռել ու իրենք էլ որքան դեռ կարող են հատել սահմանները, իսկ սա նշանակում է որքան մեր կողմից չլինի արձագանք, այնքան ավելի խնդիրների նշաձողը բարձրացնելու են։
2. Ռուսների հետ նոր ֆլիրտ-առեւտուր․ այս ամենը տեղի է ունենում ադրբեջան-ռուսաստան հարաբերությունների որոշակի ձնհալի պայմաններում, չենք կարող բացառել, որ սա նաեւ սադրանք է խաղաղության օրակարգի դեմ՝ ռուսների հետ ինչ-որ բան պայմանավորվելու արդյունքում։
Կամ զուտ սադրանք ընտրություններից առաջ, ինչը նաեւ սադրանք է մեզնից կոշտ արձագանք կորզելու համար։
Ընդորում՝ իրավիճակը հատկապես բարդ է այս փուլում, քանի որ եթե իշխանությունները որեւէ կերպ չեն արձագանքում՝ ապա ներսում ռեյտինգի խնդիր է առաջ գալիս, եթե արձագանքում են՝ փխրուն կարգավորման խաթարման կարող է հանգեցնել ու տպավորություն է, թե հենց դա էլ ուզում են։
Այս չափազանց նուրբ եւ երկսայր սրի վրա խաղարկելը բարդ է, բայց զգուշավոր որոշում պետք է լինի, այլապես լռությունը նոր հանցանքներ ու կորուստներ է ծնելու, որն ինքին վնասելու է խաղաղության գործընթացին։
Ի դեպ, խիստ կարեւոր է Ստեփանակերտի տաճարի ոչնչացման եւ նոր սպառնալիքի մասին հաղորդակցել ԱՄՆ գործընկերներին, հիշեցնել նաեւ, որ ՄԱԿ Արդարադատության դատարանն այս մասով միջանկյալ որոշում ունի»։

