Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/4/2026
share

Թուրքիայում արգելվել է 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցցանցեր

Թուրքիայում ներդրվել են սոցցանցերի օգտագործման նոր կանոններ՝ ուղղված երեխաների և երիտասարդ օգտատերերի պաշտպանությանը։ Հարթակներից պահանջվում է ստուգել օգտատերերի տարիքը, ուժեղացնել ծնողական վերահսկողությունը և հեռացնել վնասակար բովանդակությունը՝ խիստ ժամկետներում։ Նոր կանոններն արգելում են 15 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցային հարթակներում և նոր պարտավորություններ են դնում երկրում գործող խոշոր տեխնոլոգիական ընկերությունների վրա,- գրում են թուրքական լրատվամիջոցները։

 

Այսպիսով, Թուրքիան միանում է Ավստրալիային, Ֆրանսիային, Հունաստանին և Պորտուգալիային՝ թվային տարածքում երեխաների պաշտպանության նման կարգավորումներ ընդունելով։ Կանոնակարգերը ուժի մեջ կմտնեն Պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց 6 ամիս անց։ Նոր կարգավորումների հիմքում ընկած է տարիքի պարտադիր ստուգման պահանջը: Սոցիալական մեդիա ընկերությունները պարտավոր կլինեն ներդնել արդյունավետ համակարգեր՝ ապահովելու համար, որ 15 տարեկանից փոքր օգտատերերը չկարողանան հաշիվներ ստեղծել, մինչդեռ վերջիններս պիտի առաջարկեն նաև տարբերակված, տարիքին համապատասխան ծառայություններ 15 տարեկան և բարձր օգտատերերի համար։

 

Ըստ կանոնների՝ ծնողները կստանան նոր վերահսկողության գործիքներ, այդ թվում՝ հաշվի կարգավորումները կառավարելու, հավելվածում գնումները հաստատելու կամ սահմանափակելու և իրենց երեխաների՝ էկրանի մոտ անցկացրած ժամանակը վերահսկելու կամ սահմանափակելու հնարավորություն: Հարթակները նաև պարտավոր կլինեն քայլեր ձեռնարկել՝ անչափահասներին ուղղված խաբուսիկ կամ վնասակար գովազդը կանխելու համար։

 

Ավելի խիստ պարտավորությունները կվերաբերվեն հատկապես այն սոցիալական մեդիա հարթակներին, որոնք ունեն Թուրքիայում օրական ավելի քան 10 միլիոն օգտատեր: Նոր կանոնների համաձայն՝ խոշոր հարթակները պետք է համապատասխանեն բովանդակության հեռացման կամ մուտքի արգելափակման հրամաններին մեկ ժամվա ընթացքում՝ ազգային անվտանգությանը կամ հասարակական անվտանգությանը վերաբերող անհետաձգելի դեպքերում։

 

Եթե հարթակը չկատարի պահանջները վարչական տուգանք ստանալուց հետո 30 օրում, հարթակում նոր գովազդը կարգելվի։ Շարունակական խախտումները կարող են հանգեցնել դատարանի կողմից հաստատված թողունակության 50 տոկոսի կրճատման, որը կարող է հասնել մինչև 90 տոկոսի, ինչն արդյունավետորեն կսահմանափակի հարթակի հասանելիությունն ամբողջ Թուրքիայում։ Կանոնակարգերը տարածվում են նաև առցանց խաղերի վրա։ Հարթակներին կարգելվի առաջարկել խաղեր առանց համապատասխան տարիքային դասակարգման, իսկ չգնահատված խաղերը կարող են հասանելի լինել միայն ամենաբարձր տարիքային դասակարգմամբ մեծահասակների համար։

facebook sharing button facebook