
2025թ․-ի մարտ-հուլիս ամիսներին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն հետազոտել է Լոռու մարզի կանանց հիմնախնդիրներն ու զեկույց կազմել։ Հետազոտությանը մասնակցել են 400-ից ավելի կանայք։ Զեկույցն անդրադարձել է նաև կլիմայական փոփոխությունների ազդեցությանը: Ըստ այդմ՝ դրանք բացասաբար են անդրադառնում լոռեցի կանանց կյանքի որակի վրա՝ առաջացնելով տարաբնույթ խնդիրներ՝ առողջականից մինչև տնտեսական։
Մասնավորապես՝ կանանց մոտ ավելի հաճախակի են սրտանոթային և նյարդային հիվանդություններն ու գլխացավերը։ Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ քչացել է նաև գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը։ Մտավախություն ունեն, որ իրենց աշխատանքը արդյունք չի ունենա, քանի որ որոշ համայնքներում ամռան տևողությունը կրճատվել է 1․5 ամսով, որոշ համայքներում էլ սկսել են գերիշխել ավելի շոգ եղանակային պայմանները։
Մարդիկ չեն կարողանում հարմարվել այդ փոփոխություններին։ Շատ հաճախ մարդիկ չեն մտածում, որ կլիման ուղիղ ազդեցություն ունի իրենց առողջական վիճակի վրա։ Այս առումով խոցելի են հատկապես կանայք, ովքեր հիմնականում տեղյակ չեն կլիմայական փոփոխություններից ու չգիտեն, ինչպես այն կարող է ազդել իրենց կյանքի որակի վրա։
Մասնագետների հավաստմամբ՝ կանանց շրջանում կլիմայակայուն գյուղատնտեսության մասին իրազեկումը շատ կարևոր է, ինչի շնորհիվ հնարավոր է նվազեցնել կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները գյուղատնտեսության վրա և հնարավորություն տալ կանանց՝ վարել գրագետ գյուղատնտեսություն ու ստանալ կայուն եկամուտ։ Այս հարցում պետության դերը մեծ է։ Կանայք պիտի տեղեկացված դիմակայեն կլիմայական փոփոխություններին ,-ասում է «Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանը։
Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի դիտարկմամբ էլ՝ կլիմայական փոփոխություններին դիմակայելու գործընթացի հիմնական դերակատարները համայնքային իշխանություններն են, ովքեր տեղական մակարդակում պիտի աշխատեն իրենց բնակիչների հետ, մշակեն համապատասխան ռազմավարություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։

