
Տուապսեի նավթային տերմինալում հրդեհն արդեն երրորդ օրն է՝ չի մարում՝ աղտոտելով օդը, ծովը և գետը։ Բնապահպանները նախազգուշացնում են թթվային անձրևների և տարածաշրջանի համար բազմամյա հետևանքների մասին։
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հինգշաբթի՝ ապրիլի 23-ին, Տուապսեի բնակիչներին խորհուրդ է տվել առանց անհրաժեշտության դուրս չգալ տներից և չբացել պատուհանները. «Ռոսպոտրեբնադզորը» օդում արձանագրել է բենզոլի, քսիլոլի և մրի սահմանային թույլատրելի խտության գերազանցում՝ 2-3 անգամ։ Սահմանափակումներն առաջին հերթին վերաբերում են Գրոզնեֆտ, Սորտիրովկա, Զվյոզդնի և մասամբ Կենտրոնական թաղամասերին։
Բնակիչներին հորդորել են ավելի հաճախ կատարել խոնավ մաքրում, լվանալ քիթը, աչքերն ու կոկորդը, իսկ դուրս գալիս կրել դիմակներ։ Ծովային տերմինալում հրդեհը, որն բռնկվել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո, շարունակվում է արդեն երրորդ օրը։
Էկոլոգիական վնասի մասշտաբները
«The Moscow Times» պարբերականը մեջբերում է բնապահպանների կարծիքները հրդեհի հետևանքների վերաբերյալ։ Բնապահպան Եվգենի Վիտիշկոն կատարվածն անվանել է «տարածաշրջանի վերջին ժամանակների խոշորագույն էկոլոգիական աղետը», որը կարող է բացասաբար ազդել շրջակա միջավայրի վրա մի քանի տարի շարունակ։ Քիմիկոս Վիլ Միրզայանովը զգուշացրել է, որ այրման արգասիքները պարունակում են պոլիարոմատիկ միացություններ, այդ թվում՝ քաղցկեղածիններ, որոնք վտանգավոր են առողջության համար։
Հրդեհի հետևանքով առաջացած ծուխը նախօրեին հասել էր Ստավրոպոլ, իսկ ապրիլի 22-ին, ըստ բնապահպան Գեորգի Կավանոսյանի, հասել է Սոչի։ Բնապահպաններից մեկը, ով ցանկացել է անանուն մնալ, նախազգուշացրել է, որ վնասակար արտանետումների մի մասը կարող է տեղալ թթվային անձրևների տեսքով. Տուապսեի բնակիչներն արդեն իսկ արձանագրել են յուղային շերտով տեղումներ և սև մասնիկներ փողոցներում։
Ապրիլի 20-ին Սև ծովում՝ Տուապսեի նավահանգստի մոտակայքում, հայտնաբերվել էր շուրջ 10 հազար քառակուսի մետր մակերեսով նավթային բիծ։ Իշխանությունները տեղադրել են պատնեշներ և ներգրավել վեց նավ՝ աղտոտումը վերացնելու համար։ Նմանատիպ աշխատանքներ են տարվում նաև Տուապսե գետի գետաբերանում, որը նույնպես տուժել է նավթամթերքի արտահոսքից․ հայտնում է DW ռուսական ծառայությունը

