
Բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանի հասարակական տրանսպորտում։ Վիլնյուս փողոցում՝ վերջնակետ հասնելիս, թիվ 60 երթուղին սպասարկող HIGER մակնիշի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել 1 կամ 2 քաղաքացու կողմից։ Վարորդը հաղորդում է ներկայացրել։ Այս մասին Factor.am-ին հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսում էր միջադեպ տեղի ունեցել։ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 55-ամյա տղամարդ, որը ներկայացվել է նախաքննական մարմին։ Ըստ նախարարության՝ վարորդին դանակահարած ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում։ Նշենք, որ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Այս դեպքերից առաջ էլ՝ ապրիլի 8-ին, վիճաբանություն էր տեղի ունեցել թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսում, որը վերածվել էր վարորդի վրա հարձակման միջադեպի։ Ավտոբուսում երկու ուղևոր վիճաբանել էին ուղեվարձը չվճարելու համար։ «Վիճաբանությանը միջամտել է վարորդը՝ հորդորելով դադարեցնել այն և նշել, որ հանրային տրանսպորտը կռվի վայր չէ»,- հայտնել էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Նրա խոսքով՝ ավտոբուսում միջադեպից որոշ ժամանակ անց վեճի մասնակից ուղևորը մի քանի անձանց հետ գտել է տվյալ ավտոբուսը, կանգնեցրել այն, իջեցրել վարորդին ու ծեծի ենթարկել։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս դեպքով ևս քրեական վարույթ է նախաձեռնվել։

