Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/4/2026
share

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. ԱԺ նախընտրական շրջանում ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը

Անվտանգային ի՞նչ միջավայր ու ի՞նչ ապագա են պատկերացնում ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնող կուսակցություններն ու դաշինքները Հայաստանի համար:
Ապրիլի 22-ին Մեդիա կենտրոնի քննարկումը «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. ԱԺ նախընտրական շրջանում ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը» թեմայով էր:
Քննարկմանը մասնակցում էին քաղաքագետ, իրանագետ Արմեն Վարդանյանը և քաղաքագետ, «Հայկական խորհուրդ» մտակենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը։
Նրանք ներկայացրին տարբեր քաղաքական ուժերի առաջարկած անվտանգության մոդելները՝ սկսած խաղաղության օրակարգից և տարածաշրջանային բարիդրացիությունից՝ մինչև արտաքին դերակատարների աջակցությամբ անվտանգային խնդիրների լուծման տարբերակներ։
Բանախոսները քննարկեցին՝ արդյո՞ք հնարավոր է քաղաքական ուժերը բաժանել «խաղաղության» և «պատերազմի» կողմնակիցների, թե՞ յուրաքանչյուրն առաջարկում է խաղաղության հասնելու սեփական
տարբերակը։ Նրանք նաև գնահատեցին՝ որքանո՞վ է հիմնավոր «խաղաղություն vs պատերազմ» բևեռացումը:
Էդգար Վարդանյանի գնահատմամբ՝ ներկայում քաղաքական ուժերի մեծ մասը դեռևս չի հրապարակել ամբողջական նախընտրական ծրագրեր՝ հատկապես անվտանգության բաղադրիչի մասով, ինչը թույլ չի
տալիս լիարժեք գնահատել դրանք՝ ըստ ամենայնի։
Նրա խոսքով՝ որոշ կուսակցությունների ներկայացրած մոտեցումները սահմանափակվում են առանձին թեզերով և հանրային կերպարներով, այլ ոչ թե ամբողջական ռազմավարությամբ։ Որպես օրինակ՝ նա նշեց
քաղաքական մի ուժի մոտեցումը, երբ որպես անվտանգության առանցքային կերպար է ներկայացված պատերազմի մասնակիցներից մեկը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ նման մոտեցումները վտանգավոր են, քանի որ նեղացնում են անվտանգության ընկալումը՝ այն կապելով միայն անհատների կամ ռազմական բաղադրիչի հետ։ Մինչդեռ, ըստ նրա,
անվտանգությունը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։
Էդգար Վարդանյանը ընդգծեց, որ ազգային անվտանգությունը սկսվում է արտաքին քաղաքականությունից՝ այն ձևից, թե ինչպես է պետությունը կառուցում հարաբերությունները հարևանների, ինչպես նաև
տարածաշրջանային ու գլոբալ ուժային կենտրոնների հետ։ Միայն դրանից հետո կարող է խոսք լինել սահմանների պաշտպանության և ռազմական բաղադրիչի մասին։
Նույն միտքը վերահաստատեց նաև Արմեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ անվտանգության հարցը չի սահմանափակվում միայն սահմանների պաշտպանությամբ։
«Անվտանգությունը սկսվում է երկրի արտաքին քաղաքականությունից․ դա միայն սահմանների պաշտպանությունը չէ, այլ նաև այն, թե ինչպես ես հարաբերություններ կառուցում հարևանների և
տարածաշրջանային ու գլոբալ ուժային կենտրոնների հետ», - նշեց նա։
Էդգար Վարդանյանի գնահատմամբ՝ նախընտրական քաղաքական դիսկուրսում նկատվում են հակասություններ։ Ըստ բանախոսի՝ հատկապես անվտանգության և արտաքին քաղաքականության շուրջ ձևավորված «պատերազմի խոսույթը» քաղաքական դաշտում «չի վաճառվում», այսինքն՝ չի ձևավորում պահանջարկ։
Քաղաքագետը նկատեց, որ նույնիսկ առավել կոշտ կամ ազգայնական դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերը զգալիորեն մեղմացրել են իրենց հռետորաբանությունը՝ հարմարեցնելով այն հասարակական
ներկայիս տրամադրություններին։ Նրա գնահատմամբ՝ այսօր քաղաքական դաշտում գրեթե բացակայում են ուղիղ ձևակերպումներ, որոնք ենթադրում են պատերազմի ճանապարհի ընտրություն կամ կոնֆլիկտի
ուժային լուծման հստակ խոստումներ։
Քաղաքական դիսկուրսում՝ որպես հիմնական ընդդիմադիր բևեռներ, հաճախ նշվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շրջապատի հետ ասոցացվող ուժերն ու դաշինքները։ Մինչդեռ այլ կուսակցություններ, ըստ նրա, հաճախ մնում են երկրորդ պլանում՝ չնայած առաջարկած անվտանգային ադեկվատ լուծումներին:
Արմեն Վարդանյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի անվտանգության հարցերի քննարկման մեջ կարևոր դեր ունի արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Նրա խոսքով՝ տարածված է այն ընկալումը, որ
անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է առավել սերտ համագործակցություն Արևմուտքի հետ։

Այս համատեքստում նաև կարևորվեց եվրոպական կառույցների ներգրավվածությունը, այդ թվում՝ դիտորդական առաքելության ազդեցությունը սահմանային իրավիճակի կայունացման վրա։
Բանախոսները կարևորեցին այն մոտեցումը, որ անվտանգությունը չի սահմանափակվում միայն ռազմական բաղադրիչով, այլ սկսվում է արտաքին քաղաքականությունից և միջազգային հարաբերությունների
արդյունավետ կառավարման կարողությունից։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության
զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

facebook sharing button facebook