
Բյուրեղավան համայնքի խմելու ջրի վերաբերյալ «Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ «Աբովյանի» լաբորատորիայի կողմից այսօր վաղ առավոտից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։
«Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել։
Կատարված քիմիական հետազոտությունների` ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են, իսկ վարակազերծման աշխատանքներն ընկերության կողմից իրականացվել և իրականացվում են պատշած կերպով»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։
ՎեոլիաՋուր

