Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/4/2026
share

Ապատեղեկատվության անատոմիա. Տելեգրամից մինչև Ֆեյսբուքյան «լվացքատներ»

Սոցիալական ցանցերում սկսել է շրջանառվել մի տեսանյութ, հետևյալ վերտառությամբ՝ «Թուրքիան Եվրամիության միջոցով ֆինանսավորում է ընտրությունները Հայաստանում»։ Տեսանյութում օգտագործված կադրերը տարբեր ժամանակների են։ Հեղինակի խոսքը ներկայացված է ուղեկցող տեքստով։ 

Ֆեյսբուքում հրապարակած օգտատերը մեկնաբանության դաշտում նշել էր, որ տեսանյութը վերցրել է տելեգրամյան լրատվական ալիքից, թե կոնկրետ որ, չի հիշում։ Տեսանյութի տելեգրամյան աղբյուրը այդ հրապարակումով անհնար է գտնել, որովհետև ֆեյսբուքյան էջում հրապարակված է ներբեռնված տարբերակը։

Ըստ արհեստական բանականության ստուգող գործիքների՝ տեսանյութի պատրաստման մեխանիզմներից մեկը տեսողական մանիպուլյացիան է։ Պատկերի վրա երևում են Թուրքիայի դրոշներ, որոնք ընտրված են զուտ ենթագիտակցական վախեր կամ բացասական էմոցիաներ արթնացնելու համար։ Տեքստը դրված է սև ֆոնի վրա, ինչը բնորոշ է կարճ, «սենսացիոն» հոլովակներին, որոնք տարածվում են TikTok-ում կամ Telegram-ի ռուսալեզու/հայալեզու քարոզչական տիրույթներում։

«ՊԱՐԶՎԵԼ Է, ՈՐ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ։ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ «ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ԵՎ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ» ՀԱՄԱՐ։ ՏՎՅԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԸ ԲԱՇԽՈՒՄ Է ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ, ՈՎ ՆԱԵՎ ԽԱՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ, ԻՍԿ ՄՅՈՒՍ ՄԱՍԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԴԵՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ 20 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ Մ

ԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 7-Ը ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՓՈԽԱՆՑԵԼ ՄՈՏ 40 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ» (մեջբերված է տեսանյութից առանց խմբագրման-խմբագրություն) բովանդակությամբ տեքստում առաջինը աչքի է ընկնում հայաստանյան երկու հասարակական կազմակերպությունների անվանումները։ «Իրազեկ քաղաքացիների միությունը» հավանաբար հեղինակը նկատի է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։ Կազմակերպությունը ո՛չ իր պաշտոնական կայքում, ո՛չ էլ որևէ բաց աղբյուրում ներկայացված չէ վերոնշյալ՝ «Իրազեկ քաղաքացիների միություն» տարբերակով։

«Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային թափանցիկության կենտրոնի» դեպքում էլ տեսանյութի հեղինակը հավանաբար նկատի ունի Թրանսփերենսի Ինթերնեյշնլ Հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն(այդ պահին երևում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ)-ի կայքը-խմբագրություն)։ ԹԻՀԿ պաշտոնական էջում և ընդհանրապես ԶԼՄ-ներում չի օգտագործվում տեսանյութում նշված «Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային թափանցիկության կենտրոնի» ձևը, դա հավանաբար կազմակերպության անգլերեն անվանման բառացի հայերեն թարգմանությունն է։

Դա թույլ է տալիս ենթադրել, որ տեսանյութը պատրաստողը չգիտի/տեղյակ չէ, թե ինչպես է Transparency International Anti-Corruption Center (TIAC) NGO և Union of Informed Citizens NGO հայերեն անվանումները։
Երկորդը աչքի ընկնող փաստը ներդրումների դոլարով ներկայացումն է․ Եվրոպական միության միասնական դրամական միավորը եվրոն է, հետևաբար Եվրոմիության կողմից եկող դրամաշնորհները հիմնականում ներկայացվում են եվրոյով։

Սրա վերաբերյալ նույնպես կարող ենք ենթադրել, որ տեսանյութը/տեքստը պատրաստողը կա՛մ տեղյակ չէ ԵՄ ֆինանսական ընթացակարգերից, կա՛մ միտումնավոր օգտագործել է դոլարը, քանի որ այն ավելի «ընկալելի» է հետխորհրդային տիրույթում ապատեղեկատվություն տարածելու համար։

«Թուրքիան Եվրամիության միջոցով ֆինանսավորում է ընտրությունները» պնդումը դասական ապատեղեկատվության օրինակ է։

Նախ և առաջ Եվրոպական միությունն ունի խիստ կանոնակարգված բյուջետային համակարգ։ Երկրորդ փաստն այն է, որ Հայաստանում ընտրությունների դիտորդական առաքելությունների կամ տեխնիկական աջակցության համար հատկացվող միջազգային դրամաշնորհները հրապարակային են։ Դրանք սովորաբար իրականացվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կամ ուղղակիորեն ԵՄ պատվիրակության միջոցով, և Թուրքիան այդ գործընթացներում որևէ դերակատարում չունի։ Եվրոպական միության և միջազգային դոնորների (ինչպիսիք են Transparency International-ը կամ ԵՄ դրամաշնորհները) ֆինանսավորումը անցնում է բազմաշերտ աուդիտ և խիստ վերահսկողություն։ Յուրաքանչյուր եվրոն ունի իր հստակ աղբյուրը, և թուրքական պետական բյուջեից եկող միջոցները երբեք չեն կարող «լվացվել» և ներկայացվել որպես եվրոպական դրամաշնորհ։

Եվ երրորդ փաստն այն է, որ Թուրքիան ԵՄ անդամ չէ և չունի որևէ լիազորություն տնօրինելու ԵՄ բյուջեն կամ դրա միջոցով ազդելու այլ երկրների ներքին գործընթացների վրա։ Թուրքիայի նախագահի և արտաքին գործերի նախարարների անունները նշելով տեսանյութի հեղինակը փորձել է «կշիռ հաղորդել» իր նյութին, բայց նորից վիպել է․ Եվրոպական կառույցները շատ խիստ աուդիտ են անցնում, և թուրքական ծագման 40 միլիոն դոլարի ներհոսքը Եվրոմիության բյուջե միջազգային սկանդալ կառաջացներ դեռևս Բրյուսելում։

Տեսանյութում թիրախավորված երկու կազմակերպությունները՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» (Դանիել Իոաննիսյան) և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունները Թուրքիայի գործակալներ ներկայացնելը 2018թ․-ից եկեղ կեղծ նարատիվ է։ Այս կազմակերպությունները հրապարակում են իրենց ֆինանսական հաշվետվությունները։ Դրանց ֆինանսավորման աղբյուրները հայտնի են՝ ԵՄ, ԱՄՆ ՄԶԳ (USAID) և այլն։

Տեսանյութում նշված 20 միլոն դոլարը, որն արդեն «ուղարկվել է» Հայաստան և 40 մլն դոլարը, որ դեռ պիտի ուղարկվի Հայաստան պնդումները ևս չեն համապատասխանում իրականությանը։

Նշված գումարները աստղաբաշխական են․ ամբողջ Եվրոպական միությունը Հայաստանի ընտրական գործընթացների աջակցության համար սովորաբար հատկացնում է մի քանի միլիոն եվրո (օրինակ՝ 7 միլիոն)։ Մեկ այլ երկրի կողմից 20 մլն դոլարի մուտքը, հետո նաև ևս 40 միլիոնի դոլարի «ներարկումը» հնարավոր չի լինի թաքցնել ֆինանսական համակարգից։ Կենտրոնական բանկը և Ֆինանսական դիտարկումների կենտրոնը վերահսկում են խոշոր փոխանցումները։ Նման գումարի ներարկումը քաղաքական դաշտ կառաջացներ լուրջ տնտեսական և իրավական ցնցումներ։

Հատկանշական է նաև այն, որ տեսանյութում չի ցուցադրվում որևէ փաստաթուղթ, հղում չի արվում որևէ իրական աղբյուրի, որը կարող է ինչ որ կերպ ապացուցել տեսանյութում ներկայացված պնդումները։

Նախընտրական շրջանին ընդառաջ նման բովանդակության տեսանյութի տարածումը ըստ էության մի քանի նպատակ է հետապնդում՝

  • ազդել այն մարդկանց վրա, ովքեր պատկերացում չունեն թե ինչպես են աշխատում միջազգային ֆինանսական դրամաշնորհները, ունեն բնական վախեր Թուրքիայի ազդեցությունից և չունեն բացատրություն կամ գլուխ չեն հանում բարդ քաղաքական գործընթացներից
  • վարկաբեկել ընտրությունների անկախ մոնիթորինգը։ Եթե մարդիկ հավատան, որ դիտորդները «թուրքական փողերով» են աշխատում, նրանք չեն հավատա նաև այդ դիտորդների արձանագրած խախտումներին կամ ընտրությունների արդյունքների վերաբերյալ նրանց գնահատականներին։

facebook sharing button facebook