Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/4/2026
share

8 հոգի հոսպիտալացվել է․ Բյուրեղավանում հորդորում են ջուրը խմել եռացրած վիճակում

Բյուրեղավանի բնակիչները զանգվածաբար դիմում են բուժհաստատություններ և շտապօգնության ծառայություն՝ գրեթե նույն ախտանիշներով՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում և ջերմության բարձրացում։

Միայն երեկ  երեկոյան գրանցվել է շուրջ 30 կանչ, իսկ 8 բնակիչ հոսպիտալացվել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Բժշկական հաստատություններից հայտնում են, որ կանչերը դեռ շարունակվում են։

«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրինությունը տեղեկացնում է, որ իրավիճակի մասին արդեն տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ Պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը պարզաբանել է, որ բոլոր դիմած հիվանդներն ունեն նույնատիպ գանգատներ։

Այս պահին իրականացվել են ջրի և հիվանդների կենսաբանական նմուշառումներ, և բուժհաստատությունում սպասում են լաբորատոր հետազոտությունների պատասխաններին՝ բռնկման հստակ պատճառը պարզելու համար։

 Մասնագետները բնակիչներիին  հորդորում են նման ախտանիշների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի։ Մինչև պատճառների վերջնական պարզումը խորհուրդ է տրվում հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից կամ ջուրն օգտագործել բացառապես եռացրած վիճակում։

facebook sharing button facebook