Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/4/2026
share

Ընտրակաշառքի խոստման վերաբերյալ ահազանգ Կապանից․ Ականատես

«Ականատես» դիտորդական առաքելությունը ստացել է տեղեկություններ Կապան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակցի կողմից իրականացվող հակաիրավական գործողությունների վերաբերյալ։

«Սույն թվականի ապրիլի 6-ի և 7-ի վերաբերյալ ստացված ահազանգի համաձայն՝ նշված ընկերության աշխատակիցը, ով իր մասնագիտական գործունեության բերումով սպասարկում է Մինաս Պապյան և Հունան Ավետիսյան փողոցները, շրջայցեր է կատարել բնակարաններով և իրականացրել քարոզչություն։

Օգտագործելով բնակիչների հետ ունեցած անմիջական ծանոթությունը՝ նշված անձը բաժանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական բուկլետները և հորդորել քվեարկել տվյալ քաղաքական ուժի օգտին։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ քարոզչությունն ուղեկցվել է ընտրողների կամքի վրա ներազդելու ապօրինի փորձերով։ Ըստ ստացված տեղեկության՝ բնակիչներին տրվել են դրամական միջոցների, աշխատանքի տեղավորման և գույքային աջակցության խոստումներ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց։ Թիրախավորվել են հատկապես սոցիալապես խոցելի խմբերը, մասնավորապես՝ տարեցները և ուսանողները։

Սույն արարքը առերևույթ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված՝ ընտրողին ընտրակաշառք տալու կամ խոստանալու հանցագործության հատկանիշներ։

«Ականատես» դիտորդական առաքելությունը համապատասխան հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին պահանջելով նախաձեռնել քրեական վարույթ, պարզել բոլոր հանգամանքները և իրավական գնահատական տալ ներգրավված աձանց գործողություններին։

Առաքելությունը շարունակում է հետևողական լինել այս դեպքի ընթացքին և կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ ապօրինի գործարքներից ու անհապաղ հայտնել ցանկացած ճնշման կամ խոստման մասին»,-նշված է Ականատեսի հաղորդագրությունում։

facebook sharing button facebook