Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/4/2026
share

Կրկին շրջանառվում է հերքված լուրը․ Ռ․Ռուբինյանը նման հայտարարություն չի արել

Համացանցում նորից ակտիվորեն տարածվում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի նկարը հետևյալ գրությամբ. «Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց Ցեղասպանության պահանջներից, վերջ դնի Թուրքիայի նկատմամբ թշնամանքին և ապամոնտաժի Սողոմոն Թեհլերյանի արձանը»։

Ըստ նկարի՝ այն 2022թ․ հունվարի 17-ին հրապարակված հոդվածի սքրինշոթ է, որի վրա չի երևում սակայն ո՛չ նյութի աղբյուրը, ո՛չ էլ հղումը տվյալ հոդվածին։ Համացանցի տիրույթում որոնման արդյունքում նույնպես նման տեսանյութ կամ հոդված չգտնվեց։ Ոչ մի հայտնի լրատվական ալիք նման հոդված չի հրապարակել։

Դեռևս 2022թ․ fip.am կայքը մանրամասն անդրադարձել է վերը նշված լուսանկարին «Ռ․ Ռուբինյանը Ցեղասպանության պահանջից հրաժարվելու մասին հայտարարություն չի արել» հոդվածում։ Ըստ հոդվածի՝ նման պահանջներ իրականում ներկայացրել է Թուրքիայի մեջլիսի նախկին փոխնախագահ, «Թալեաթ փաշա» միության նախագահ Հասան Քորքմազջանին։

Տարիներ առաջ հերքված կեղծ լուրը սակայն կրկին սկսել է շրջանառվել օնլայն տիրույթում։  

Ընդ որում, ԵԽԽՎ 2023 թվականի ապրիլյան նստաշրջանի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը իր ելույթում նշել է, որ Ցեղասպանության հիշատակումը միայն անցյալի մասին չէ, այլ ապագա ոճրագործությունների կանխարգելման։ Նա ուղղակիորեն զուգահեռներ է անցկացրել 1915 թվականի և այն ժամանակվա (2023թ.) Արցախում տիրող իրավիճակի միջև՝ շեշտելով էթնիկ զտումների իրական վտանգը։

«Մենք պետք է հիշենք և ճանաչենք անցյալի ոճիրները, որպեսզի ստիպված չլինենք հիշատակել ապագայի նոր ոճրագործությունները»,-հայտարարել էր նա ամբիոնից։

Կարևոր է նշել նաև, որ Ռուբեն Ռոբինյանը ելույթ էր ունեցել հենց 2023թ․ ապրիլի 24-ին։

Հիշեցնենք նաև, որ 2026 թվականի հունվարի 26-ին Ռուբեն Ռուբինյանը Ստրասբուրգում ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ։

facebook sharing button facebook