Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/4/2026
share

Այսօր Երկիր մոլորակի օրն է

Ամեն տարի ապրիլի 22 աշխարհը նշում է Երկրի օրը (անգլ.՝ Earth Day)։ Երկրի օրը նշվում է տարեկան երկու անգամ՝ մարտին՝ գիշերահավասարի օրը, և ապրիլի 22-ին։ Բացի այդ, ներկայումս շատ մասնակիցներ և նախաձեռնող խմբեր Երկրի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացնում ամառային արևադարձի շրջանում, որպեսզի առավելագույնս օգտագործեն տաք եղանակն ու մարդկանց ազատ ժամանակը։

Դրանց նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել իրենց շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի վրա։ Միջոցառումն առաջին անգամ կազմակերպվել է «Երկրի օր» ցանցի կողմից։

Երկրի օրը տարբեր երկրներում ավանդույթի համաձայն հնչում է խաղաղության զանգը` կոչ անելով մարդկանց զգալ մոլորակի անդամ լինելը և ջանքեր գործադրել խաղաղության ու գեղեցկության պահպանմանը մոլորակում։ Խաղաղության զանգը հանդարտության, խաղաղ կյանքի և բարեկամության, հավերժական եղբայրության ու ժողովուրդների համերաշխության խորհրդանիշ է։ Դա նաև կոչ է հանուն խաղաղության, Երկրի վրա կյանքի, մարդկության, մշակույթի պահպանման։

Խաղաղության առաջին զանգը տեղադրվել է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում (Նյու Յորք) 1954 թվականին։ Այն ձուլված է բոլոր աշխարհամասերի երեխաների նվիրաբերած մետաղադրամներից։ Զանգը համարվում է մարդկանց համերաշխության խորհրդանիշ։ Զանգի մեջ ձուլված են նաև տարբեր երկրների մարդկանց շքանշաններ, հուշամեդալներ։ Զանգի վրա կա մակագրություն. «Թող միշտ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում»։ 1996 թվականին համանման զանգ է տեղադրվել ՄԱԿ-ի` Վիեննայի գրասենյակում։ Խաղաղության զանգ է տեղադրված Ճապոնիայի շատ քաղաքներում, Գերմանիայի խոշոր քաղաքներում (1989). Լեհաստանում, Թուրքիայում (1989), Մեքսիկայում (1990), Ավստրալիայում (1992), Մոնղոլիայում (1993), Ֆիլիպիններում (1994), Կանադայում (1996). Բրազիլիայում (1997), Արգենտինայում (1998), Էկվադորում (1999), Ուզբեկստանում (2003) և այլ երկրներում։

 

facebook sharing button facebook