Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/4/2026
share

ՌԴ-ն մայիսի 1-ից դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով. Reuters

ՌԴ-ն մայիսի 1-ից կդադարեցնի նավթի տարանցումը Ղազախստանից Գերմանիա՝ Լեհաստանով անցնող «Դրուժբա» խողովակաշարի հյուսիսային ճյուղով,- գրում է Reuters-ը։ 2 երկրներին էլ արդեն ուղարկվել են արտահանման նոր ժամանակացույցերը, բայց դրանց հրապարակման պահին Ղազախստան կամ Գերմանիան պաշտոնական չեն հաստատել, տեղեկացնում է Current time-ը։ Ըստ Reuters-ի նավթի մատակարարման դադարեցման պատճառը Ռուսաստանի և Գերմանիայի միջև լարվածությունն է՝ ուկրաինաական պատերազմի ֆոնին։

 

Գերմանիան հրաժարվել է ռուսական գազ գնելուց և ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային։ Ավելին, 2022 թվականին Գերմանիան «Ռոսնեֆտ»-ի գերմանական ստորաբաժանումները փոխանցեց տեղական իշխանությունների վերահսկողությանը։ Ապրիլի 20-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել էր Ռուսաստանում Պյատիգորսկում ահաբեկչական հարձակում պլանավորող Գերմանիայի քաղաքացու ձերբակալման մասին։

 

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով հարցը, արդյո՞ք կդադարեցվի ղազախական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով, ասել էր՝ «ոչինչ չգիտի», ուղղորդելով դեպի «համապատասխան ընկերությունները»։ Ղազախստանը նավթ է արտահանում Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարի հյուսիսային ճյուղով, որն անցնում է Լեհաստանով։ Նավթն ուղարկվում է Շվեդտի գերմանական վերամշակման գործարան, որը Եվրոպայում ամենամեծերից մեկն է։

 

Վերամշակման գործարանն անցել է Ղազախստանից հում նավթի ներմուծման այն բանից հետո, երբ Բեռլինը հրաժարվեց ռուսական նավթ ներմուծել՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով։ Այս խողովակաշարով տարանցիկ փոխադրումների ծավալներն աճում են․ 2025 թվականի վերջին ծավալները հասել էին 2,146 միլիոն տոննայի, ինչը 44%-ով ավելին է 2024 թվականի համեմատ: Այնուամենայնիվ, մատակարարումները բազմիցս խափանվել են, այդ թվում՝ Ռուսաստանում խողովակաշարի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով:

 

Այնուամենայնիվ, KazTransOil-ը հայտնել է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում Գերմանիա առաքումները հասել են 730,000 տոննայի, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ղազախական Orda.kz-ը հաղորդում է, որ «Դրուժբա» խողովակաշարով տարանցման հնարավոր դադարեցումը կարող է զգալիորեն ազդել Ղազախստանի նավթի արտահանման եկամուտների վրա:

 

Ըստ «KazTransOil»-ի՝ մատակարարման ներկայիս ծավալները կազմում են ամսական 1,7-1,8 միլիոն բարել նավթ: Մոտավորապես 70 դոլար միջին գնի դեպքում արտահանման հնարավոր կորուստները կարող են հասնել ամսական 120-130 միլիոն դոլարի: Տարեկան կտրվածքով սա կազմում է մոտավորապես 1,4-1,5 միլիարդ դոլար:

facebook sharing button facebook