
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Զ. Բ․-ի դիմումը՝ նրա որդուն՝ Յ․ Ա․-ին ճանաչելով անհայտ բացակայող։
2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Զ․ Բ․-ը բռնի տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից և տեղափոխվել Հայաստան՝ հաստատվելով Վանաձոր քաղաքում։
Զ․ Բ․-ի միակ որդին՝ Յ․ Ա․-ը, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում անհետացել է, և այդ պահից նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Վերջին անգամ նա մոր հետ կապ է հաստատել 2020 թվականի հոկտեմբերի 12-ին։
Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու դառնալու նպատակով, Զ․ Բ․-ն դիմել է Կազմակերպությանը՝ անհայտ բացակայող որդու իրավական կարգավիճակ ձեռք բերելու հարցով։
Կազմակերպության իրավական աջակցությամբ համապատասխան դիմում է ներկայացվել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Յ․ Ա․-ին անհայտ բացակայող ճանաչելու նպատակով։
Դատական գործի շրջանակում ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Կազմակերպության կողմից հարցումներ են ուղարկվել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալություն, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և Վանաձորի համայնքապետարան։ Ստացված պաշտոնական պատասխաններով հաստատվել է, որ պետական համապատասխան մարմիններում բացակայում են տվյալներ Յ․ Ա․-ի հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կամ ՀՀ-ում փաստացի բնակության վերաբերյալ։ Միաժամանակ պարզվել է, որ նրա անձնագրի վավերականության ժամկետը լրացել է 2021 թվականին և չի երկարաձգվել։
Դատարանը, ուսումնասիրելով գործում առկա փաստաթղթերը և պաշտոնական հարցումների պատասխանները արձանագրել է, որ Յ․ Ա․-ի գտնվելու վայրի վերաբերյալ երկար ժամանակ որևէ տեղեկություն չկա և նրան հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ տվյալներ ևս առկա չեն։ Այս հիմքով դատարանը բավարարել է Զ. Բ․-ի դիմումը նրա որդուն՝ Յ․ Ա․-ին ճանաչելով անհայտ բացակայող։

