
2018 թ․ այս կողմ երիտասարդների քաղաքական ակտիվությունը, կարծես, նվազել է. նրանք ակտիվ են ոչ ֆորմալ հարթակներում՝ քաղաքացիական նախաձեռնություններում, բողոքի ակցիաներում և կամավորական գործունեության մեջ, բայց ոչ քաղաքականության մեջ։
Այս խնդրին էր նվիրված ապրիլի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումը՝ «Երիտասարդները՝ քաղաքականության դերակատարնե՞ր, թե՞ դիտորդներ» թեմայով։
Քննարկմանը մասնակցում էին «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը և «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանը։ ՀՀ «Երիտասարդական քաղաքականության մասին» մասին օրենքը սահմանում է՝ երիտասարդ են 13-ից 35 տարեկան քաղաքացիները: Հայաստանում երիտասարդները կազմում են բնակչության գրեթե մեկ երրորդը, ինչը նշանակում է՝ երիտասարդությունը Հայաստանում սոցիալական և քաղաքական զգալի ուժ է: Գրիգոր Երիցյանի խոսքով՝ երիտասարդների քաղաքական պասիվության հիմնական պատճառներից մեկը քաղաքական մշակույթն է, որը նրանց համար հաճախ անհասկանալի և ոչ գրավիչ է. «Քաղաքական դաշտում բացակայում են օրինակելի դերակատարներ, իսկ առկա ագրեսիվ խոսույթը, ատելության մթնոլորտը և բևեռացումը վանում են երիտասարդներին»։
Երիցյանը նաև ընդգծեց, որ կուսակցական համակարգը դեռևս զարգացած չէ, որ կուսակցությունները երիտասարդների հետ աշխատում են հիմնականում ընտրություններից ընտրություն և չունեն նրանց ներգրավման շարունակական ռազմավարություն։
Յուրի Մովսեսյանի դիտարկմամբ՝ երիտասարդների պասիվության պատճառներից են նաև 2018 թ․ հետո չիրականացած սպասումները, կրթական համակարգի խնդիրները և անվտանգային մարտահրավերները։ Նրա խոսքով՝ երիտասարդների մի մասը հիասթափված է, և դա նվազեցնում է քաղաքական գործընթացներին մասնակցելու մոտիվացիան։
Քննարկման ընթացքում շեշտվեց, որ երիտասարդները հաճախ չեն ներգրավվում քաղաքական գործընթացներում, այդ թվում՝ ընտրություններում։ Բանախոսների գնահատմամբ՝ դրա պատճառներից է քաղաքական համակարգի նկատմամբ վստահության պակասը, ինչպես նաև այն ընկալումը, որ առաջարկվող ընտրությունը հաճախ սահմանափակվում է «վատի և վատագույնի» միջև։
Միևնույն ժամանակ նշվեց, որ երիտասարդները մնում են խոցելի ապատեղեկատվության և մանիպուլյացիաների նկատմամբ, հատկապես այն տարիքում, երբ առաջին անգամ են մասնակցում ընտրություններին։
Բանախոսները միակարծիք էին, որ կուսակցությունների նախընտրական ծրագրերում երիտասարդների խնդիրները հաճախ բավարար չափով չեն ներկայացվում։ Դրանք հիմնականում սահմանափակվում են ընդհանուր բնույթի խոստումներով՝ առանց խորքային լուծումների։ Ըստ նրանց՝ քաղաքական և քաղաքացիական կրթության զարգացումը՝ որպես երիտասարդների ակտիվացման կարևոր նախապայման, անհրաժեշտություն է։ Նրանց համոզմամբ՝ երիտասարդները պետք է ունենան բավարար գիտելիքներ քաղաքական համակարգի, ընտրական գործընթացների և սեփական դերակատարության մասին։
Ամփոփելով քննարկումը՝ մասնագետները շեշտեցին, որ երիտասարդների մասնակցությունը առաջիկա ընտրություններին կարող է որոշիչ ազդեցություն ունենալ արդյունքների վրա։ Նրանք կոչ արեցին երիտասարդներին՝ լինել առավել տեղեկացված և ակտիվորեն օգտվել իրենց ընտրական իրավունքից:
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

