Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/4/2026
share

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցով վճիռը մտել է օրինական ուժի մեջ

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել 2005 թվականին Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ու ֆիզիկական անձի միջև կնքված՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 1.4514 հա հողամասի առուվաճառքի պայմանագիրը։ Վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 297 մլն 980 հազար դրամ։

«Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 23-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը: Վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող՝ 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը: Դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության հայցը, անվավեր է ճանաչել առուվաճառքի պայմանագիրն ու, որպես պայմանագրի անվավերության հետևանք, վճռել՝ ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հողամասի արժեքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, տրամադրվել է կատարողական թերթ»,- ասված է հաղորդագրությունում։

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող՝ 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը: Այս վճռով ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի դրա արժեքը՝ 78 մլն 860 հազար դրամ։
 

facebook sharing button facebook