
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Նուբարաշենի աղբավայրի տնօրենի տեղակալ Դանիելյանը մանրամասներ ներկայացրեց շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունից։ Նա զեկուցեց, որ դեպքը եղել է ժամը 18։00-ի սահմաններում. «Սանհանգույցում, որտեղից արտառոց հոտ է տարածվել, տնօրենը փորձել ճշտել, թե ինչով է պայմանավորված այն, ներս է մտել լույսը վառել և պայթուն է տեղի ունեցել»։
Պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել աղբավայրի 36-ամյա տնօրեն Սարգիս Խաչատրյանը և 54-ամյա աշխատակից Էդիկ Միսակյանը։ Դանիելյանը տեղեկացրեց, որ ըստ բժիշկների՝ տնօրենը գտնվում է կայուն ծանր վիճակում՝ հույս հայտնելով, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա։
Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն իր հերթին հստակեցրեց տուժածների առողջական վիճակը. «Երկուսի վիճակն էլ գնահատվում է կայուն ծանր՝ 15% մաշկի ախտահարում կա ձեռքերի և դեմքի շրջանում։ Կարևորը շնչառական օրգաններն ախտահարված չեն»։
Իսկ ահա Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը հայտնեց, որ պայթյունի պատճառը սանհանգույցի կոյուղագծի միջոցով բիոգազի և շմոլ գազի կուտակումն է եղել։
Տեղի ունեցածին արձագանքեց նաև Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ աղբավայրի բոլոր այն հատվածներում, որտեղ նման վտանգ կա, պետք է իրականացվի ամբողջական մոնիթորինգ. «Սա նշանակում է, որ մենք ամբողջական մոնիթորինգ պետք է անցկացնենք աղբավայրի բոլոր հատվածներում, որտեղ նմանատիպ վտանգ կա, որովհետև շատ վատ դեպք է տեղի ունեցել, բարեբախտաբար՝ առանց զոհերի, կարող էր լինել նաև զոհերով»։ Քաղաքապետը հավելեց նաև, որ անվտանգության բոլոր կանոնները պետք է խստորեն պահպանվեն։

