
Չինաստանի գյուղատնտեսության նախարար Հան Ջունը հորդորել է խոզաբուծության ոլորտի ներկայացուցիչներին կատարել արտադրական հզորությունների կրճատման թիրախները և մայր խոզերի գլխաքանակը հասցնել ողջամիտ մակարդակի: Այս մասին նախարարությունը հայտարարել է ուրբաթ ուշ երեկոյան, քանի որ խոզի մսի գները շարունակում են մնալ ցածր մակարդակի վրա։
Հանը հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ՝ փոխանցելով հզորությունների կարգավորման և արդյունաբերության արդիականացման գործընթացները համակարգելու ուղերձը՝ նպատակ ունենալով նվազեցնել շուկայական տատանումների պարբերականությունը։
Լինելով աշխարհի խոզերի կեսի «տունը»՝ Չինաստանի խոզաբուծության հսկայական հատվածը ներկայումս պայքարում է գերարտադրության և սպառողական թույլ պահանջարկի դեմ։
Խոզի մսի գները տատանվում են ցածր մակարդակի վրա՝ կապված բարձր արտադրական հզորությունների և շուկայական առաջարկի իներցիոն աճի հետ. նշվում է հանդիպմանը ներկա փորձագետների հայտարարության մեջ։
Դալիանի ապրանքային բորսայում կենդանի խոզերի ամենաակտիվ ֆյուչերսային պայմանագիրը ապրիլի 13-ին հասել էր իր ամենացածր մակարդակին 2021 թվականի հունվարից ի վեր՝ կազմելով 9,000 յուան ($1,320.25) մեկ տոննայի դիմաց։
Այնուհետև գները բարձրացան՝ ապրիլի 17-ին հասնելով մարտի 9-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշին՝ 11,295 յուան մեկ տոննայի դիմաց։ Սա պայմանավորված էր հյուսիսարևմտյան տարածաշրջանում դաբաղի բռնկման հետևանքով առաջարկի հնարավոր կրճատման վերաբերյալ մտահոգություններով։
«Առաջատար ձեռնարկությունները պետք է ստանձնեն հզորությունների կրճատման պահանջների իրականացման առաջնորդությունը և զերծ մնան անխոհեմ ընդլայնումից», — ասված է հայտարարության մեջ։
Հանդիպմանը կոչ է արվել արագացնել ցածր մթերատու, ծերացող մայր խոզերի և թույլ խոճկորների խոտանումը, քանի որ իշխանությունները ձգտում են ավելի խիստ քաղաքականություն կիրառել արտադրական հզորությունները վերահսկելու համար։
Նախարարությունը նաև նշել է, որ ոլորտը կխթանի բուծման գործընթացում ինքնուրույն նորարարությունները, ակտիվորեն կներդնի ցածր սպիտակուցային սննդակարգի տեխնոլոգիաները և շարունակաբար կբարելավի բուծման ստանդարտացման ու «խելացի» համակարգերի մակարդակը․ Reuters

