
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Երևանում և Արարատի մարզում դադարեցվել է մի քանի լցակայանների գործունեությունը։ Պատճառը հրդեհային անվտանգության կանոնների կոպտագույն խախտումներն են, որոնք ուղղակի սպառնալիք են եղել քաղաքացիների կյանքի համար։ Տեսչական մարմնի հետևողական աշխատանքից հետո տնտեսավարողներն արդեն իսկ սկսել են վտանգավոր օբյեկտների ապամոնտաժումը։
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա՝ մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացնել Արարատի մարզի Սուրենավան համայնքի (Երևանյան խճուղի 14/1) և Երևան քաղաքի (Ռոստովյան 13/2) հասցեներում գործող արտադրական վտանգավոր օբյեկտների՝ բենզալցակայանների և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանների նկատմամբ։
Իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են հանդիսացել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Հիմք ընդունելով արձանագրված խախտումների վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ նշված հասցեներում գործող օբյեկտների գործունեությունը դադարեցվել է՝ մինչև խախտումների ամբողջական վերացումը:
Հատկանշական է, որ Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված հետևողական բացատրական աշխատանքների արդյունքում, երկու տնտեսավարողներն էլ կամովին ապամոնտաժել են հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանները։

