Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/4/2026
share

«Սելիմյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի հերթական որոշումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ՀՀ քաղաքացու հայցն ընդդեմ պետության։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ խախտվել է անձի՝ իր գործի արդարացի քննության իրավունքը։ Վճռի մանրամասներն ու սահմանված փոխհատուցման չափը՝ ստորև։

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված դիմումի արդյունքում, ավելի քան 10 տարի անց, Հայաստանի Հանրապետության դեմ հերթական գործով արձանագրվել է ազատության իրավունքի խախտում։

Գործը վերաբերում է 2015 թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող բողոքի հավաքի ընթացքում տեղի ունեցած դեպքին։ Այդ օրը Դ․ Ս․-ը, ի թիվս հավաքի այլ մասնակիցների, Բաղրամյան պողոտայից բռնությամբ տեղափոխվել է ոստիկանության բաժին և այնտեղ ապօրինաբար պահվել մոտ 10 ժամ։

Դատարանը, հաշվի առնելով բարձրացված հարցերի նմանությունը, միավորել է երեք տարբեր գանգատներ և կայացրել մեկ միասնական որոշում։ Արդյունքում ՄԻԵԴ-ը բավարարել է Դ․ Ս․-ի գանգատը՝ արձանագրելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում (ազատությունից ապօրինի զրկում)՝ սահմանելով համապատասխան փոխհատուցում՝ ընդհանուր 2․250 եվրոյի չափով։

Դիմումատուն դատարան ներկայացված գանգատում նշել էր, որ իր ձերբակալությունը չի հիմնավորվել որևէ հիմնավոր կասկածով։

2026 թվականի ապրիլի 16-ին կայացված վճռով ՄԻԵԴ-ը Դ․ Ս․-ի օգտին սահմանել է 2․000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 250 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցում։

Հիշեցնենք, որ Դ․ Ս․-ի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։

Այս վճիռը հերթական անգամ ընդգծում է, որ անձանց ազատության իրավունքի կամայական սահմանափակումները և առանց հիմնավոր կասկածի ձերբակալությունները շարունակում են մնալ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր հարցեր՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավական հարթակներում։

Որոշումը ներկայացված է»․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

facebook sharing button facebook