
Ապրիլի 17-ին Մեդիա Կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Նախընտրական խոստումները շատ են, լուծումներն՝ անտեսանելի. կրթության եւ գիտության չլուծված խնդիրները» թեմայով։
Քննարկման բանախոսներն էին Երեւանի պետական համալսարանի դասախոս, կրթության ոլորտի փորձագետ Դավիթ Ամիրյանը եւ «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Ռոբոմարտ» ստարտափի համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը։
Քննարկման սկզբում անդրադարձ կատարվեց դեռեւս 2018 թ. արձանագրված մտահոգիչ ցուցանիշին՝ 18-20 տարեկանների շուրջ 10 տոկոսի ֆունկցիոնալ անգրագիտությանը, որը, ըստ մասնագետների, վկայում է կրթական համակարգում խորքային խնդիրների մասին։ Սակայն հաջորդ ութ տարիների ընթացքում, բանախոսների գնահատմամբ, այս ուղղությամբ շոշափելի առաջընթաց չարձանագրվեց։
Դավիթ Ամիրյանը նշեց, որ թեեւ կրթության ոլորտում իրականացվեցին որոշ բարեփոխումներ՝ նոր չափորոշիչների ներդրում, ուսուցիչների աշխատավարձերի փոփոխություն, բնագիտական ուղղությունների ընդլայնում, դրանց ազդեցությունը կրթության որակի վրա ամբողջական տեսանելի չդարձավ։
Ամիրյանը առանձնացրեց կրթության ոլորտում երեք առանցքային բաց։ Առաջինը, ըստ նրա, կրթության մեջ առկա «աղքատության» խնդիրն է՝ երբ որակյալ կրթությունը հասանելի չէ բոլորին՝ անկախ սոցիալական վիճակից։ Երկրորդը՝ կրթական համակարգի համապարփակ գնահատման մեխանիզմների բացակայությունն է։ Երրորդ կարեւոր խնդիրը վերաբերում էր ուսուցիչներին՝ ինչպե՛ս նրանց մասնագիտական պատրաստվածությանը, այնպե՛ս էլ գնահատման համակարգին։
Բանախոսը նաեւ ընդգծեց, որ ուսուցիչների ատեստավորման համակարգը չարդարացրեց սպասումները. գործընթացին մասնակցեց սահմանափակ թվով ուսուցիչ, իսկ զգալի մասը չհաղթահարեց նվազագույն շեմը։ Միեւնույն ժամանակ՝ նրանք շարունակեցին աշխատել դպրոցներում, ինչը, ըստ Ամիրյանի, վկայում էր համակարգային խնդիրների մասին։
Նա նաեւ խոսեց այսպես կոչված «անտեսանելի երեխաների» մասին՝ այն աշակերտների, որոնք հաճախում էին դպրոց, սակայն փաստացի դուրս էին կրթական գործընթացից։ Նրա գնահատմամբ՝ կրթության ներառականությունը Հայաստանում շարունակում է սահմանափակվել միայն ֆիզիկական հասանելիությամբ եւ չի ապահովում իրական մասնակցություն կրթական գործընթացին։
Տիգրան Շահվերդյանը, անդրադառնալով գիտության ոլորտին, նշեց, որ վերջին տարիներին որոշակի առաջընթաց արձանագրվեց՝ հատկապես ֆինանսավորման աճի եւ գիտական արդյունքների որակի բարձրացման առումով։ Նրա խոսքով՝ գիտնականների աշխատավարձերը մի քանի անգամ բարձրացվեցին, ներդրվեցին նոր դրամաշնորհային ծրագրեր, ինչը նպաստեց ոլորտի որոշակի ակտիվացմանը։
Սակայն, ըստ նրա, այս փոփոխությունները բավարար չէին համակարգային խնդիրները լուծելու համար։ Շահվերդյանի գնահատմամբ՝ Հայաստանում բացակայում էր պետական կարիքներից բխող գիտահետազոտական եւ տեխնոլոգիական քաղաքականությունը. գիտության զարգացման ռազմավարությունը թեեւ արձանագրեց առկա խնդիրները, սակայն չառաջարկեց դրանց լուծման հստակ մեխանիզմներ։
Նրա խոսքով՝ կարեւորագույն խնդիրներից մեկը պետական պատվերի համակարգի բացակայությունն է, երբ պետությունը չի ձեւակերպում իր առաջնահերթ խնդիրները եւ չի պատվիրում դրանց լուծմանը միտված գիտական հետազոտություններ եւ տեխնոլոգիական մշակումներ։ Այս համատեքստում նա ընդգծեց, որ գիտությունը պետք է ծառայի ոչ միայն ակադեմիական արդյունքների, այլեւ տնտեսական եւ անվտանգային խնդիրների լուծմանը։
Շահվերդյանը նաեւ անդրադարձավ մրցունակության խնդրին՝ նշելով, որ երկար տարիներ գիտական ոլորտը Հայաստանում չի ապահովել բավարար պայմաններ երիտասարդների համար։ Արդյունքում բազմաթիվ մասնագետներ լքեցին ոլորտը կամ տեղափոխվեցին մասնավոր հատված։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ կրթության եւ քաղաքականության հարաբերություններին։ Դավիթ Ամիրյանը նշեց, որ կրթական համակարգը երկար տարիներ եղել է քաղաքական ազդեցությունների ներքո, եւ, նրա խոսքով, վերջին տարիներին այդ խնդիրը լիարժեք չի լուծվել։ Նա ընդգծեց, որ կրթական քաղաքականությունը հաճախ չի ձեւավորվում գիտական վերլուծությունների հիման վրա, այլ պայմանավորված է կարճաժամկետ քաղաքական շահերով։
Բանախոսները համակարծիք էին, որ կրթության եւ գիտության ոլորտներում առկա խնդիրների լուծումը պահանջում է համակարգային, երբեմն նաեւ ցավոտ բարեփոխումներ։ Նրանց գնահատմամբ՝ անհրաժեշտ է հստակ առաջնահերթությունների սահմանում, մասնագիտական համայնքի ակտիվ ներգրավում եւ պետական քաղաքականության վերանայում։
Քննարկման ավարտին ընդգծվեց, որ թեեւ խնդիրները տարիներ շարունակ արձանագրվում են տարբեր ծրագրերում եւ ռազմավարություններում, դրանց լուծման ուղղությամբ բավարար քայլեր չեն իրականացվում։ Մասնակիցները կարեւորեցին նաեւ քաղաքական ուժերի դերակատարությունը՝ նշելով, որ նախընտրական ծրագրերում կրթության եւ գիտության ոլորտները հաճախ ներկայացվում են ընդհանուր ձեւակերպումներով՝ առանց կոնկրետ նպատակների եւ ժամկետների։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության
զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

