
Ապրիլի 17-ին Մեդիա կենտրոնում անցկացվեց քննարկում «ՀՀ նոր Սահմանադրություն. անհրաժեշտությո՞ւն, թե՞ քաղաքական նպատակահարմարություն» թեմայով։ Բանախոսն էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արթուր Սաքունցը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես գործող Սահմանադրության խնդիրներին, այնպես էլ նոր Սահմանադրության մշակման ընթացքին։
Սաքունցը նշեց, որ 2019 թ. հռչակված դատական համակարգի բարեփոխումները չեն իրականացվել ամբողջությամբ, մասնավորապես՝ անցումային արդարադատության մեխանիզմների բացակայության պատճառով։ Նրա խոսքով՝ համակարգում շարունակում են գործել այն դատավորները, որոնք 2018 թ.առաջ էլ ներգրավված են եղել քաղաքական հետապնդումների գործերում։
«Այն, որ դատական իշխանության բարեփոխման անհրաժեշտությունը կար, դրանում չկա որեւէ տարաձայնություն։ Իսկ ինչքանո՞վ է այդ բարեփոխումը պայմանավորված Սահմանադրության փոփոխություններով, սա այլ հարց է», - նշում է բանախոսը։
Սաքունցը նաեւ ընդգծեց, որ անցումային արդարադատության կարեւոր գործիքներից մեկը փաստահավաք կամ «ճշմարտության հանձնաժողովի» ստեղծումն էր, որը մինչ օրս չի իրականացվել։ Նրա խոսքով՝ այդ մեխանիզմը նախատեսված էր 2010–2022 թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ եւ պետք է ձեւավորվեր Ազգային ժողովի կողմից՝ 9 անդամով, 3 տարվա աշխատանքով։
Հանձնաժողովի նպատակն էր հավաքել մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ վկայություններ՝ ընտրական իրավունքներից մինչեւ սեփականության խախտումներ, քաղաքական հետապնդումներ եւ խոշտանգումներ։
Սաքունցի խոսքով՝ դրա կարեւորությունը միայն փաստերի հավաքագրումը չէր, այլ նաեւ այն մեխանիզմների բացահայտումը, որոնք հանգեցրել են այդ խախտումներին եւ դրանց շարունակականությանը։
Ըստ բանախոսի՝ այս աշխատանքի հիման վրա պետք է ձեւավորվեին նաեւ սահմանադրական փոփոխությունների առաջարկներ։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ այն կարծիքին, թե նոր Սահմանադրությունը կարող է կապված լինել արտաքին պահանջների, մասնավորապես՝ Ադրբեջանի դիրքորոշման հետ։
Միաժամանակ հիշեցվեց վարչապետի դիրքորոշումը, ըստ որի՝ Սահմանադրությունը պետք է արտահայտի ժողովրդի ազատ կամքը, սակայն միեւնույն ժամանակ ընդունվում է, որ նախկին սահմանադրական հանրաքվեները լիարժեք վստահություն չեն վայելել։
Սաքունցը նկատեց, որ քննարկումը վերաբերում է ոչ միայն Սահմանադրության բովանդակությանը, այլ նաեւ դրա ընդունման լեգիտիմությանը։ Նա ընդգծեց, որ Սահմանադրության նախկին հանրաքվեների նկատմամբ հասարակական վստահություն չկա, քանի որ կեղծիքներով են ընդունվել, հետեւաբար՝ լեգիտիմության խնդիր ունեն։
Ամփոփելով՝ Սաքունցը նշեց, որ նոր Սահմանադրության ընդունումը, իր գնահատմամբ, անհրաժեշտություն է, եւ որ կարեւոր է ոչ միայն փաստաթղթի ընդունումը, այլ դրա բովանդակությունը եւ կիրառման մեխանիզմները։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է՝ նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ է եւ առաջիկայում կքննարկվի քաղաքական մակարդակում։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության
զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

