
«Քաղաքացու Ձայն»-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ Վանաձորի մի շարք թաղամասեր դեռևս ջրազրկված են՝ Նովոսելցովոյի ջրատարի վթարի հետևանքով։ Հիշեցնենք՝ ինչպես տեղեկացրել էր «Վեոլիա ջուր» ընկերությունը ապրիլի 16-ի առավոտյան 2 հատվածում վթարվել էր «Նովոսելցովո-Վանաձոր» 1000 մմ-ոց մայրուղային ջրատարը, ինչի հետևանքով Վանաձոր քաղաքի մեծ մասն ու հարակից 12 բնակավայր ջրազրկվել են: Նախապես հայտարարված 24 ժամյա վերականգնման ընթացքից հետո էլ բնակիչները դեռևս ջուր չունեն։
Ընկերության Լոռու տեխնիկական բաժնի պատասխանատու Ալիկ Բաղդասարյանի հետ զրույցում «Քաղաքացու Ձայն»-ը տեղեկացավ, որ վերականգնման բուն աշխատանքները ավարտվել են։
Ջուրը բաժանորդներին կհասնի առաջիկա 3 ժամերի ընթացքում։ Ըստ ոլորտի պատասխանատուների՝ ընկերությունը նաև լրացուցիչ տեղեկացրել է, որ ժամկետները որոշակի հետաձգվել են․ նախապես հայտարարված ապրիլի 17-ի ժամը 12-ի փոխարեն, ջրամատակարարումը կվերականգնվի մինչև ապրիլի 17-ի ժամը 17։00-ը․ «Մնում է ջուրը քաղաք հասնի։ Մի 3 ժամվա ընթացքում արդեն կամաց կսկսվի։ Մենք հայտարարությունը հետաձգել էինք։ Մի քիչ երկարացել էինք․ 12-ից հետո, մինչև 5-ը 6 ենք հետաձգել, բայց էլի մի բան շուտ կապահովենք հաստատ»։
Չնայած հավաստիացմանը, «Վեոլիա ջուր» ընկերության ֆեյսբուքյան էջում ժամկետների հետաձգման մասին տեղեկություններ «Քաղաքացու Ձայն»-ը չգտավ և միայն մեր զանգից հետո «Վեոլիա ջուր» ընկերության ֆեյսբուքյան էջում հայտնվեց վերոնշյալ տեղեկությունը։

