
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված դիմումի արդյունքում, ավելի քան 10 տարի անց, Հայաստանի Հանրապետության դեմ հերթական գործով արձանագրվել է ազատության իրավունքի խախտում։
Գործը վերաբերում է 2015 թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող բողոքի հավաքի ընթացքում տեղի ունեցած դեպքին։ Այդ օրը Դ․ Ս․-ը, ի թիվս հավաքի այլ մասնակիցների, Բաղրամյան պողոտայից բռնությամբ տեղափոխվել է ոստիկանության բաժին և այնտեղ ապօրինաբար պահվել մոտ 10 ժամ։
Դատարանը, հաշվի առնելով բարձրացված հարցերի նմանությունը, միավորել է երեք տարբեր գանգատներ և կայացրել մեկ միասնական որոշում։ Արդյունքում ՄԻԵԴ-ը բավարարել է Դ․ Ս․-ի գանգատը՝ արձանագրելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում (ազատությունից ապօրինի զրկում)՝ սահմանելով համապատասխան փոխհատուցում՝ ընդհանուր 2․250 եվրոյի չափով։
Դիմումատուն դատարան ներկայացված գանգատում նշել էր, որ իր ձերբակալությունը չի հիմնավորվել որևէ հիմնավոր կասկածով։
2026 թվականի ապրիլի 16-ին կայացված վճռով ՄԻԵԴ-ը Դ․ Ս․-ի օգտին սահմանել է 2․000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 250 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցում։
Հիշեցնենք, որ Դ․ Ս․-ի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։
Այս վճիռը հերթական անգամ ընդգծում է, որ անձանց ազատության իրավունքի կամայական սահմանափակումները և առանց հիմնավոր կասկածի ձերբակալությունները շարունակում են մնալ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր հարցեր՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավական հարթակներում։

