Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/4/2026
share

Կարապետ Գուլոյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 1 մլրդ դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք. Դատախազություն

Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատական ակտին։ Հայտնում է Գլխավոր դատախազությունը։ 

«Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի (Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար) և նրան փոխկապակցված անձանց։

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 1-ին կայացված վճռով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն՝ ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի, Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, բավարարել էր մասնակի։

 

Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության Կարապետ Մուրադի Գուլոյանից և Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի՝

 

  • Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90%-ը.
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ.
  • «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս.
  • 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:

 

Վերոնշյալից բացի, Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև՝

 

  • 934.000 դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք.
  • 1.227.490.966 դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
  • 58.120.147 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար»,-նշված է հաղորդագրությունում։

facebook sharing button facebook