
Կապանի ԼՀԿ-ն ցանկանում է ավելացնել իր կողմից վերամշակվող հանքաքարի ծավալներն, այն հասցնելով տարեկան 1 մլն տոննայի։ Ըստ փորձաքննության ներկայացրած նախագծի «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի դրվածքային հզորությունն ըստ տարեկան վերամշակվող հանքաքարի՝ մեկ միլիոն տոննա է։ Սակայն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությամբ ներկայում ֆաբրիկան սահմանափակված է տարեկան 600 հազ. տոննա արտադրողականությամբ։ Ֆաբրիկայի աշխատանքը ամբողջ նախագծային հզորությամբ հնարավորություն կտա վերամշակել ինչպես Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրից արդյունահանվող հանքաքարի ամբողջ ծավալը /700 հազ․ տոննա/, այնպես էլ՝ նախագծային ծավալներով հանքաքար արդյունահանել Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրից /300 հա․ տոննա/ և արդյունահանված հանքաքարն ամբողջությամբ վերամշակել «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ ֆաբրիկայում։
Արտադրական ծավալներն ավելացնելու պարագայում նախաձեռնողները նախատեսում են նաև որ կավելանան թափոնների ծավալները, հետևաբար ցանկանում են նաև բարձրացնել Գեղանուշի պոչամբարի պատվարը՝ այդպիսով ավելացնելով պոչամբարի տարողունակությունը։
Ըստ նախագծում ներկայացված տվյալների Գեղանուշի պոչամբարը նախագծվել և շահագործվել է որպես վերընթաց տեսակի պոչամբար։ Պոչամբարի այդ տեսակի անվտանգային պարամետրերը զիջում են հնարավոր մյուս երկու տեսակների՝ վարընթաց և կենտրոնահեն պոչամբարների անվտանգային պարամետրերին։ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ իրականացրած հետազոտությունների արդյունքներով վերհանվել է Գեղանուշի պոչամբարի անբավարար սեյսմակայունություն, որի վերացման նպատակով 2023-2024 թթ. նախագծվել է, Օրենքով սահմանված կարգով փորձաքննվել (2024 թվականի սեպտեմբերի 3-ի ԲՓ 175-24 դրական եզրակացություն) և իրականացվել Պոչամբարի նախագծի փոփոխություն։ Հաստատված նախագծին համապատասխան կատարվել է պատվարների լրացուցիչ ամրաբեռնում։ Սակայն դիտարկվող փոփոխությունը չի լուծել «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեության երկարաժամկետ հեռանկարում շարունակականության խնդիրը։ Գեղանուշի պոչամբարի զարգացման մոդելը 2028 թվականի հունիսից երկու պատվարների համար միաժամանակ փոխելով առավել անվտանգ՝ կենտրոնահեն, տեսակի՝ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ ֆաբրիկայի համար կապահովի պոչանքների տեղակայման ծավալ մինչև 2038 թվականը։
Այս թեմաներով երկրորդ հանրային քննարկումը 2026թ․ ապրիլի ապրիլի 29-ին, ժամը 12։00-ին է։ Առաջին հանրային քննարկումը կայացել է 2025թ․ հուլիսի 3-ին էր, որից հետո ԿԱպանի ավագանին համաձայնություն տվեց ներկայացված նախագծին և այն անցավ փորձաքննական փուլ։

