
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավապաշտպան Գոհար Մելոյանն ահազանգում է, որ իրավապահները բերման են ենթարկել կուսակցության մի խումբ անդամների և համակիրների, այդ թվում՝ կին թեկնածուի։ Ըստ նրա տարածած հայտարարության՝ իրավիճակն էլ ավելի է բարդանում նրանով, որ առավոտվանից խոչընդոտվում է փաստաբանների մուտքը՝ թույլ չտալով իրականացնել բերման ենթարկվածների պաշտպանությունը։
Այս զարգացումները տեղի են ունենում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից երկու օր առաջ հրապարակված ձայնագրության և կուսակցության երկու այլ անդամների՝ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի ձերբակալության ֆոնին։ Թեև քննչական մարմինը միջնորդել էր Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառել, դատարանը երկու ձերբակալվածների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրել վարչական հսկողությունը։
Հարուցված քրեական հետապնդումը հիմնված է այն մեղադրանքի վրա, որ ընտրությունների նշանակումից հետո, երբ օրենքով արգելված է որևէ տեսակի բարեգործություն, կուսակցության անդամները «բարեգործության անվան տակ» ընտրողներին անհատույց դրամական միջոցներ են տրամադրել կամ խոստացել արտոնյալ ծառայություններ։ Հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով նմանատիպ գործողությունները՝ լինի դա դրամի, սննդամթերքի կամ ծառայությունների տեսքով, որակվում են որպես քրեորեն պատժելի արարք, որի համար նախատեսվում է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկում։

