
Ապրիլի 15-ին, ժամը 12:30-ին, Մեդիա կենտրոնում անցկացվեց քննարկում՝ «Տեղեկատվական դաշտը՝ ընտրություններից առաջ. բեւեռացված միջավայր, հիբրիդային սպառնալիքներ» թեմայով։
Բանախոսեցին՝ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ, ԵՄ եւ Արեւելյան գործընկերության մասնագետ Գայանե Աբրահամյանը և «Փաստերի ստուգման հարթակ»-ի գլխավոր խմբագիր Հասմիկ Համբարձումյանը։
Քննարկման ընթացքում փորձագետները խոսեցին այն հիմնական միտումների մասին, որոնք արդեն իսկ ձեւավորում են նախընտրական միջավայրը՝ սկսած վիրավորական խոսույթից մինչեւ հիբրիդային սպառնալիքներ։
Գայանե Աբրահամյանի խոսքով՝ որքան մոտենանք ընտրություններին, այդ միտումները, ամենայն հավանականությամբ, ավելի կուժեղանան։ Նա ընդգծեց, որ բեւեռացումը պայմանավորված է ոչ միայն քաղաքական պայքարով, այլ նաեւ հասարակության ներսում առկա լարվածությամբ։
Քննարկման առանցքային թեմաներից էր ապատեղեկատվության տարածումը եւ արտաքին ազդեցությունների դերը։ Աբրահամյանի խոսքով՝ նման տեղեկատվական հոսքերը միաժամանակ ունեն կարճաժամկետ եւ երկարաժամկետ նպատակներ։
Կարճաժամկետում դրանք ուղղված են քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալուն, իսկ երկարաժամկետում՝ պետական ինստիտուտների նկատմամբ անվստահություն ձեւավորելուն։ Նրա գնահատմամբ՝ հենց այս երկրորդ նպատակն է առավել վտանգավոր, քանի որ կարող է հանգեցնել հասարակության վարքագծի փոփոխության, այդ թվում՝ արտագաղթի։
Քննարկման ընթացքում առանձնացվեցին նաեւ հիմնական նարատիվները, որոնք ակտիվորեն շրջանառվում են տեղեկատվական դաշտում։ Դրանց թվում են՝ ինքնության կորստի մասին խոսույթը, անվտանգության սպառնալիքների շեշտադրումը, ինչպես նաեւ ընտրությունների նկատմամբ վստահությունը նվազեցնելու փորձերը։
Ըստ բանախոսների՝ նման նարատիվները հաճախ կառուցվում են հասարակության համար զգայուն թեմաների վրա՝ պատերազմ, անվտանգություն եւ պատմական հիշողություն։ Որպես օրինակ բերվեցին կեղծ տեղեկություններ՝ Հայաստանում մզկիթների կառուցման կամ ադրբեջանցիների ներկայության վերաբերյալ, որոնք լայն տարածում են գտել մամուլում:
Հասմիկ Համբարձումյանը խոսեց նաեւ նոր մարտահրավերի մասին՝ արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության տարածման մասին։ Նրա խոսքով՝ այսօր արդեն կան դեպքեր, երբ նույնիսկ մասնագետները դժվարանում են տարբերել՝ տեսանյութը կամ ձայնագրությունը իրակա՞ն է, թե՞ արհեստական։
Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ կոնտեքստից կտրված նյութերը ստուգելը գրեթե անհնար է, եւ նման դեպքերում կարեւոր է սպասել պաշտոնական քննության արդյունքներին։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ մանիպուլյատիվ «երկընտրանքի» նարատիվին, ըստ որի՝ Հայաստանը կանգնած է միայն երկու տարբերակի առաջ՝ ռուսական գուբերինիա կամ թուրքական վիլայեթ։ Աբրահամյանի գնահատմամբ՝ սա իրականությանը չհամապատասխանող եւ էմոցիոնալ ազդեցություն ունեցող մոտեցում է։
Տնտեսական թեմաները եւս օգտագործվում են տեղեկատվական պայքարում։ Խոսքը վերաբերում է ՌԴ կողմից գազի թանկացման, արտաքին կախվածության մասին հայտարարություններին, որոնք հաճախ ներկայացվում են վախ առաջացնելու շեշտադրումներով։
Քննարկման ավարտին խոսնակները անդրադարձան նաեւ ընտրողների վարքագծին։ Հասմիկ Համբարձումյանը կոչ արեց զգուշությամբ մոտենալ հատկապես էմոցիոնալ տեղեկատվությանը եւ հնարավորության դեպքում ստուգել աղբյուրները։
Գայանե Աբրահամյանն էլ հիշեցրեց, որ ընտրակաշառքը քրեական հանցագործություն է՝ թե՛ առաջարկելու, թե՛ վերցնելու դեպքում:
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության
զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

