
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ, բնապահպան-ակտիվիստ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ տարիներ տևած դատական քաշքշուկի հերթական արդյունքը։ Նշելով
«#Amulsar Լիդիանն ընդդեմ Անիի․ մաս 2
Հերքելով անհերքելին
Թերի փորձաքննություն
․․․․․․
2018 թվականին «Լիդիան Արմենիա»-ն ինձ դատի տվեց՝ պահանջելով հերքել ֆեյսբուքում իմ գրառումը։
7 տարի տևած դատավարությունից հետո առաջին ատյանը մերժեց Լիդիանի հայցը։ Նրանք բողոքարկեցին, Վերաքննիչ դատարանը բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը, պարտավորեցրեց ինձ հերքել ասածներս և վճարել շուրջ 330,000 դրամ փոխհատուցում։ Վճռաբեկն ուժի մեջ թողեց Վերաքննիչի որոշումը։
Այժմ ինձ պարտադրում են հերքել իմ խոսքը։
Հերքման հաջորդ կետն այն է, որ ասել եմ, որ թերի փորձաքննությամբ են ստացել թույլտվությունները։
Ստորև ներկայացնում եմ իմ ասածը հիմնավորող փաստերը․
2015 թվականին Գնդեվազի բնակիչներ և ՀԿ-ներ դատարան էին դիմել՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել 2014թ․ ՇՄԱԳ փորձաքննությունը և ոչ իրավաչափ ճանաչել Ամուլսարի ծրագրին կանաչ լույս տված մի շարք իրավական ակտեր։ 2024թ․ ՀՀ վարչական դատարանը կայացրեց մի վճիռ, որով մեծ մասամբ բավարարվեց ՀՀ քաղաքացիների բողոքը։
Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում 2018թ-ին հարուցվել է քրեական գործ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ:
Երեք միջազգային հայտնի փորձագիտական կազմակերպություններ ուսումնասիրել են Լիդիան ընկերության կայքում առկա փաստաթղթեր և ներկայացրել են իրենց գնահատականներն ու եզրակացությունները Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ։ Գիտականորեն հիմնավորված ներկայացված են Լիդիանի վերոնշյալ փաստաթղթերում, ռիսկերի գնահատումներում և կառավարման պլաններում առկա բազմաթիվ թերություններ, բացթողումներ, միջազգային չափանիշներով անընդունելի մեթոդների կիրառման դեպքեր, հետազոտված նմուշների անբավարար քանակներ, սխալ եզրահանգումներ և ենթադրություններ, ընդհանրապես չգնահատված կամ նվազեցված ռիսկեր, ընկերության պատասխանատվության մեխանիզմների բացակայություն և այլ լրջագույն խնդիրներ։
2019 թվականին ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության` «ELARD»-ի փորձագիտական եզրակացությունը: «Էլարդ»-ի միջազգային թիմը հայտարարում է, որ «Լիդիան»-ի ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) թերի են, ոչ ամբողջական ու անվստահելի:
ELARD-TRC ընկերությունների այս եզրակացությունից և նրանց հետ անցկացված տելեկոնֆերանսից հետո Փաշինյանի հանձնարարականով պետական մարմիններն ու Գիտությունների ակադեմիան տալիս են իրենց դիրքորոշումները, որոնց հիման վրա Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացնում է 13 կետ, որոնց շուրջ անհրաժեշտություն կա նոր ՇՄԱԳ փորձաքննություն անցկացնելու։
Լիդիանի ՇՄԱԳ փորձաքննությունը չի ներառում Արփա գետի վրա հանքի ազդեցության գնահատում, քանի որ ընկերությունը պնդում էր, որ իր գործունեությունը որևէ ազդեցություն չի ունենալու Արփա գետի վրա։ Այնինչ 2018 թվականին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն տարածեց, որ Լիդիան Արմենիայի տարածքից (ցիանային հարթակի հատվածից) հորդառատ անձրևների ժամանակ առաջացած ցեխաջրերը լցվել են Արփա գետ։
2018 թվականին Վայրի բնության բալկանյան միության փորձագետների կողմից բացահայտվել են կենսաբազմազանության վրա Ամուլսարի ծրագրի ազդեցության նոր հանգամանքներ։ Դրանցից ամենակարևորն այն է, որ ՇՄԱԳ-ում բացակայում է «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի շրջանակում «Էմերալդ» պահպանվող տարածքներում բնակվող և կոնվենցիայի ցուցակում ընդգրկված տեսակների ուսումնասիրությունը, և պետք է տրվեր եզրակացություն այն մասին, թե այդ տեսակների պոպուլյացիայի քանի տոկոսը կմնա ծրագրի իրականացումից հետո:
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը միշտ խոսել է Ամուլսարի ռիսկերից, մասնավորապես թթվային դրենաժի ռիսկերից, որ կաղտոտի ստորգետնյա ջրերն ու Որոտան, Արփա գետերը, անմիջապես կազդի Սպանդարյան-Կեչուտ թունելի վրա և թթու ու թունավոր ջրերը կհոսեն Կեչուտի ջրամբար, հետո էլ Սևանա լիճ։ Նշված երևույթը հանդիսանում է անկառավարելի ռիսկ, որը չի մատնանշվել ՇՄԱԳ-ում, և կտրուկ հերքվում էր Լիդիանի կողմից։
Ըստ Սաղաթելյանի՝ հանքավայրի շահագործման արդյունքում բնական միջավայր են արտանետվելու նաև սնդիկ և ածխածնի երկօքսիդ, ինչով ՀՀ-ն կխախտի միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները։ Այս ռիսկը նույնպես ՇՄԱԳ-ում չի նշված։
Ջերմուկ առողջարանային քաղաքը միայն 2016թ. մայիսին է ներառվել որպես Ամուլսարի ծրագրի ազդակիր համայնք, և նույնիսկ ազդակիր համայնք ճանաչվելուց հետո Ջերմուկում օրենքով նախատեսված կարգով հանրային լսում չի իրականացվել։
Լիդիանը միայն 2016 թվականին ընդունեց, որ բացի «աշխատատեղեր ստեղծելուց» հանքը այլ սոցիալական ազդեցություններ էլ է ունենալու։ Փող ունեցող ամուրի տղամարդկանց ներհոսքը և կուտակումը կարող է նպաստել սեռական շահագործման և հանքարդյունաբերական քաղաքներին բնորոշ այլ «բացասական երևույթների» աճին։
․
Եվ այսպես, հաշվի առնելով այս բոլոր անհերքելի փաստերը՝
Ես հերքում եմ, որ Գնդեվազի բնակիչները դատարան են դիմել, և դատարանը մասնակի բավարարել է վճիռը։
Ես հերքում եմ, որ քննչական կոմիտեում 2018 թ․-ին քրեական գործ է հարուցվել։
Ես հերքում եմ, որ 3 միջազգային փորձագետները ուսումնասիրել են փաստաթղթերը։
Ես հերքում եմ, որ «Էլարդ»-ը փորձագիտական եզրակացություն է տվել։
Ես հերքում եմ, որ Էրիկ Գրիգորյանը եղել է Շրջակա միջավայրի նախարար։
Ես հերքում եմ, որ տեսչական մարմինը հայտարարություն է տարածել Արփա գետի աղտոտման մասին։
Ես հերքում եմ, որ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը խոսել է Ամուլսարի ռիսկերից։
Ես հերքում եմ, որ Ջերմուկը չի եղել ազդակիր համայնք։
Ես հերքում եմ, որ Լիդիանի ՇՄԱԳ-ում ներկայացված են Ջերմուկի վրա հանքի սոցիալական ազդեցությունները։
․
Բոլոր փաստերն ապացուցող հրապարակումների հղումները կդնեմ մեկնաբանություններում, կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ։
․
Շարունակելի․․․
Դեռ մի քանի կետ էլ կա հերքելու»․ գրել է Անի Խաչատրայանը

