
Մայիսի 3-5-ը Հայաստանի Հանրապետության օդային տարածքը փակ կլինի որոշ թիչքների համար՝ պայմանավորված երկրում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումներով։ Այս մասին հայտնում են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Հաշվի առնելով 2026-ի մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ տեղեկացնում ենք, որ 2026-ի մայիսի 3-5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ընդհանուր նշանակության ավիացիան այն ճյուղն է, որը չի իրականացնում կանոնավոր առևտրային ուղևորափոխադրումներ կամ բեռնափոխադրումներ: Սրա մեջ մտնում են մասնավոր փոքր ինքնաթիռները, ուղղաթիռները, ուսումնական թռիչքները, գյուղատնտեսական ավիացիան, օդապարիկները, պարապլանները և քաղաքացիական անօդաչու թռչող սարքերը (դրոնները):

