
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Կայացել է «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի կառավարման խորհրդի երկրորդ նիստը։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը բացման իր խոսքում ընդգծեց նախաձեռնության ավելի լայն նշանակությունը. «FORACCA-ն համակարգային արձագանք է, որը համատեղում է միջազգային փորձագիտությունը տեղական կարողությունների ամրապնդման հետ և սերտորեն համապատասխանում է Հայաստանի կլիմայական պարտավորություններին»։
Հանդիպումը նաև հնարավորություն տվեց քննարկելու ոլորտում առկա մարտահրավերները։ Հողօգտագործման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգերի և հարկման հետ կապված հարցերը շարունակում են խոչընդոտել ծրագրի իրականացումը։ Գործընկերների կողմից բարձրացվող այս մտահոգություններն ընդգծում են կառույցների միջև համակարգված լուծումների անհրաժեշտությունը։
Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունեց այս մարտահրավերները՝ նշելով, որ չնայած կարող են պահանջվել ավելի լայն բարեփոխումներ, անհրաժեշտ է նաև մշակել գործնական լուծումներ՝ հրատապ խնդիրները լուծելու համար։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Հայաստանի անտառային դաշինքի անդամ չորս իրականացնող կազմակերպությունների՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։
Ծրագրի իրականացման գործընկերներն են նաև Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների շվեյցարական դաշնային ինստիտուտը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:

