
Երևանի Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց։ Այս մասին ապրիլի 18-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Հսկող դատախազի որոշմամբ վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿՀ-ից»,- գրել է պաշտպանը։
Առողջական խնդիրներ ունեցող 18-ամյա Դավիթը «Արմավիր» ՔԿՀ էր տեղափոխվել ապրիլի 13-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից։ Նրան տեղափոխել էին անվասայլակով։
Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ Աննա Եկեղեցում պատարագի, որին բազմաթիվ հավատացյալներ էին մասնակցում։ Վարչապետն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ փորձել է դուրս գալ եկեղեցուց, երբ Դավիթ Մինասյանը վրդովվել է՝ հորդորելով չհրել իրեն:
«Տենց չնայես ինձ»,- ասել է Դավիթը, հետո փորձել ձեռքով հարվածել վարչապետին: Փաշինյանը անվտանգության աշխատակիցներին հորդորել է չարձագանքել։ Դեպքից հետո Դավիթն ու իր զույգ եղբայրը՝ Միքայելը, բերման են ենթարկվել։ Միքայել Մինասյանն ազատ է արձակվել, որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։

