Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/4/2026
share

Հրատապ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում. երաշխավորվու՞մ են արդար ու թափանցիկ ընտրություններ

Ապրիլի 13-ին Մեդիա Կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Հրատապ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում. երաշխավորվու՞մ են արդար ու թափանցիկ ընտրություններ» թեմայով։
Քննարկման բանախոսն էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ-ի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը։
Ապրիլի 6-ին Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն Ազգային ժողովի հրատապ նիստին ներկայացրեց Ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու հարցը: Եվ սա՝ ընտրություններից երկու ամիս առաջ:
Իշխող կուսակցության պատգամավորները երկու հարց էին չափազանց հրատապ համարել՝ կուսակցությունների եւ դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ:
Ըստ հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանի հիմնավորման՝ սա վրիպակի արդյունքում է մնացել Ընտրական օրենսգրքում, եւ հիմա վերացնում են այդ վրիպակը։
Մյուս փոփոխությամբ քվեաթերթիկն անվավեր է ճանաչվում, եթե այն կամ ծրարը ներառում է որեւէ գրառում կամ նշում, կամ ծրարում՝ քվեաթերթիկից բացի, կա այլ իր։
Մեդիա կենտրոնի տաղավարում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը նշեց, որ հենց իրենք՝ դիտորդներն են հայտնաբերել վրիպակը՝ նախագիծն ուսումնասիրելու ընթացքում։ Նա նաեւ ընդգծել է, որ խնդիրը, ըստ իրենց գնահատման, համակարգային շղթայի խափանման հետեւանք է։ «Այս խնդիրը, ինչպես հասկանում ենք, իրականում շղթայի հետեւանքն է, երբ խմբագիր կամ սրբագիր անձանցից որեւէ մեկը սխալ է ինտերպրետացնում, թե ինչ է իրենից պահանջվում։ Այսինքն՝ նախագծում գրված է եղել հեռացնել երկրորդ նախադասությունը, որը վերաբերում էր նրան, որ կուսակցությունների դաշինքի անվանման կողքին փակագծերում պետք է նշվեն այդ դաշինքը կազմող կուսակցությունների անունները: Այս նախադասության փոխարեն տեղեկանքում, որը կազմվել է փոփոխությունների հիման վրա, այն մարդը որը կատարել է այդ աշխատանքը, ջնջել է պարբերությունը ոչ թե նախադասությունը»,- նշեց Գրիգորյանը։
«Ես մեծ հույսեր ունեմ, որ ինչ-որ ներքին քննություն իրականացվում է՝ հասկանալու համար, թե կոնկրետ այս վրիպակը ով էր թույլ տվել, բայց կարծում եմ, որ ամենակարեւոր դասը, որ պետք է քաղել այս գործընթացից, դա այն է, որ պետք է ապահովել մասնագետների ներգրավվածությունը ամբողջ գործընթացում, եւ որեւէ փուլ այս գործընթացից չհամարել զուտ տեխնիկական»,- հավելեց բանախոսը։

Հայաստանում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին արձագանքել էր նաեւ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովայի խոսքում նշվում է, որ Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, ինչպիսիք են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը։ Այս փոփոխությունները կարող են զգալի սահմանափակումներ դնել ընտրություններին
մասնակցող քաղաքական ուժերի անվանումների վրա։ Կարեւոր է, որ դա չարվի ընդդիմության ընտրական հնարավորությունները միտումնավոր սահմանափակելու համար։
Վարդինե Գրիգորյանն անդրադարձավ ՌԴ-ից հնչած արձագանքին՝ նշելով, որ բարդ է արձագանքել Զախարովայի այդ հայտարարությանը՝ առանց ընդգծելու, որ եթե նույն մտահոգությունները ունենար Զախարովան կամ ՌԴ իշխանությունները հենց Ռուսաստանի մասին, ապա, միգուցե, մենք շատ ավելի հաճելի իրավիճակում կլինեինք։
Ըստ էության՝ բացակայող կամ գոյություն չունեցող ընդդիմության պայմաններում գոյատեւող երկիրը, կարծում եմ, իրավունք չունի նման դիրքորոշում հայտնել ՀՀ-ի մասին։
Ես դա համարում եմ խառնակչություն, որովհետեւ կարծում եմ, որ ժողովրդավարության մասին կամ դրա արժեքների պահպանման մասին պետք է խոսեն առնվազն այն երկրները, որոնք իրենք են օրինակ ծառայում։

Ամփոփելով զրույցը՝ տիկին Գրիգորյանն առաջարկեց խնդիրը դիտարկել հասարակական վարքագծի համատեքստում՝ շեշտադրելով, որ թե՛ տեղական, թե՛ պետական մակարդակում մեր հանրությունը հակված է «փրկիչների» փնտրտուքին. սկզբում ընդունում է մեկին, հետո անցնում «ավելի լավին», ապա հիասթափվում եւ կրկին սկսում է նոր փրկչի որոնում։ Այս ցիկլը, կարծում եմ, խոչընդոտում է կայուն ինստիտուտների ձեւավորմանը եւ պատասխանատու քաղաքացիական մշակույթի զարգացմանը։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության
զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

facebook sharing button facebook