
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրու 2 բնակիչ սպանություն են նախապատրաստում և հանցավոր մտադրությունն իրականացնելու համար փորձում են ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերել։
Ձեռնարկված միջոցառումներով տեղեկությունը ստուգվել է և Շիրակի մարզի քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, ինչպես նաև զենքի ապօրինի կրելու և հրազենի կամ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։
Դատարանի որոշմամբ ապրիլի 11-ին խուզարկություններ են արվել 47 և 26 տարեկան տղամարդկանց բնակության վայրերում։ 47-ամյա տղամարդու Վարդ-Բաղ միկրոշրջանում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով լցված ծխախոտի տուփ։
Երկուսն էլ ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

